ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ
Արեւը դեռ մայր չէր մտել։ Այն դեռեւս նշմարվում էր ինչ-որ տեղ երկրի եւ երկնքի հատման կետում։ Եւ չնայած ուժն արդեն կորցրել էր եւ չէր ջերմացնում երկիրը, սակայն համառորեն շարունակում էր ճառագայթներ ուղարկել, ասես չուզենալով համակերպվել երկնակամարում իր տեղը լուսնին ու աստղերին զիջելու մտքի հետ։ Քիչ անց այն մի փոքր էլ շարժվեց դեպի արեւմուտք եւ բոլորովին ծիրանագույն երանգ ստացավ։ Միեւնույն ժամանակ մի կտոր սպիտակ ամպ կամաց կամաց մոտենալով ծածկեց արեւի մի մասը եւ ինքն էլ ծիրանագույն հանդերձավորվեց մասնակիորեն խավարացնելով նրան։ Այս ամենն արտացոլվում էր լճի մեջ եւ կրկնակի տպավորություն ստեղծում։ Լիճը, որ քամու տակ թեթեւ ալեկոծվում էր, հարուստ էր ձկներով։ Ուշադիր նայելով կարելի էր տեսնել, որ մերթ ընդ մերթ դրանք դուրս են թռչում լճից եւ վայր ընկնելով յուրօրինակ կոհակներ առաջացնում։ Դատելով տեսքից դրանք հավանաբար տառեխներ էին։ Օդում գտնվելու ժամանակ ձկները նույնպես ծածկվում էին արեւի ճառագայթներով եւ եթե մի անծանոթ ճանապարհորդ դա տեսներ, անպայման կմտածեր, որ դրանք ոսկե ձկնիկներ են։ Այս ամենն իրար գումարվելով մի չնաշխարհիկ տեսարան էր ստացվում որն այնքան պաշտում են սիրահար զույգերը։ Սակայն մոտակայքում ոչ մի սիրահար զույգ չկար։ Ավելին, տեղանքն ավելի շատ անմարդաբնակ վայր էր հիշեցնում։ Բոլորն ասես իրար հետ նախորոք պայմանավորվելով ինչ որ տեղ էին գնացել իրենց գործերով` այքան կարեւոր, որ նույնիսկ ամռան այս տոթ երեկոյան գեթ ոչ մի լողացող չկար սառնորակ լճում։ Ինչն էր այս սաստիկ ամայության պատճառը։ Մի՞ թէ ոչ մի շունչ արարած չկար այս երկրամասում, մի երկրամասում, որ թվում է աստված ինքն էր օրհնել եւ հանձնել մարդկանց հավերժ տնօրինման համար։ Բայց ոչ։ Ահա ափից պատկառելի հառավորության վրա մի նավակ նշմարվեց։ Չորս կամ հինգ հոգի այն արագ մոտեցնում էին ափին։ Նավակն ավելի ու ավելի պարզորոշ էր նշմարվում։ Այո, դրանք հինգ հոգի էին։ Մեկը կանգնած էր նավակի քթի մասում եւ ուղղությունն էր ցույց տալիս։ Մյուս չորսը թիավարում էին։ Հինգ նավորդներն էլ երիտասարդ էին։ Նավակի հատակին խնամքով դարսված գեղարդները վկայում էին, որ ավելի շուտ դրանք ռազմիկներ են քան ձկնորսներ։ Նավակի ղեկավարը ինչ որ բան էր փնտրում ափին։ Ավելի ճիշտ ինչ որ մեկին։ Բայց չէ՞ որ ափն ամայի էր։ Ոչ ոք չկար այնտեղ։ Միեւնույն ժամանակ նավակից գոհունակության ճիչ լսվեց։ Թիավարներից մեկը վերջապես տեսավ նրան ում փնտրում էին արդեն մի քանի րոպե, որը եւ գոհունակության ալիք բարձրացրեց նավակում։ Եւ իրոք ափին ինչ որ մեկը կար կանգնած։ Շատ տարվելով բնության գեղեցկությամբ չէինք տեսել, կամ էլ երեւի պառկել էր ավազի վրա հանգստանալու եւ չէինք նկատել։ Բայց մի թէ կարելի էր չտեսնել նրան, ինչքան էլ որ բնությունը գեղեցիկ էր։ Մի թէ կարելի էր չնկատել նրան, նույնիսկ եթե պառկած էր եղել ավազների վրա։ Սովորական մարդ չէր դա այլ լայնաթիկունք մի հսկա։ Հասակը բարձր էր այնքան, որ նույնիսկ հսկաների մեջ մի գլուխ բարձր կլիներ։ Ձեռքերի ու ոտքերի մկաններն փքված էին, վկայելով սարսափազդու ուժի մասին։ Հզոր կուրծքը ծածկված էր խիտ մազերով։ Աչքերը խոժոռ էին ու սեւ, պատված նույնպիսի սեւ ու թավ հոնքերով։ Միեւնույն ժամանակ դաժան ու բարի այդ աչքերը գեղեցիկ էին ու զարմանալիության աստիճան արտահայտիչ։ Քիթը ոսկրոտ էր ու մեծ։ Մի փոքր կեռությունը դեմքին արծվային արտահայտություն էր տալիս։ Մազերը երկար էին ու գանգուր, անփութորեն թափված սովորականից լայն թվացող ուսերի վրա։ Մի խոսքով, դա մի մարդ էր, որին պատկերացնում են պոետները, երբ ուզում են որեւէ աստվածության գերագույն աստծուն նկարագրել։ Նրանից մի փոքր հեռու ընկած էին մի քանի թեթեւ զենքեր՝ դաշույն, որ մեկ ուրիշը հանգիստ կարող էր թրի տեղ օգտագործել, ինչպես նաեւ մի հսկա աղեղ նետերի կապարճի հետ միասին։ Ափին կանգած մարդը սակայն չէր նկատել նավակը։ Մտքերը հսկային տարել էին հեռու, մի վայր, որտեղ մի ժամանակ ծնվել ու անց էր կացրել կյանքի մի մասը։ Ու՞ր էին տարել նրան մտքերը։
Թէ ում մոտ առաջինը միտք հղացավ կառուցել այդ անիծյալ աշտարակը, այժմ ոք ոք
չէր կարողանում հիշել։ Հսկաների սերունդը չբավարարվեց այն բազում բարիքներով,
որ Աստված շնորհել էր նրան։ Իշխանությունը մյուս մարդկանց նկատմամբ, անհոգ կյանքը,
դրախտային երկիրն իր Բաբելոն մայրաքաղաքով։ Այս բոլորը նրանց քիչ էր թվում։ Եւ
ահա տիրելով ամբողջ աշխարհին, մարդը սկսեց Աստծուն նախանձել։ Համայն մարդկության
ուժերը կենտրոնացվեցին կառուցելու մի աշտարակ, որը նրանց կարծիքով թույլ կտար
երկինք հասնել եւ Աստծուն հավասարվել, եւ որը, սակայն, այդքան դժբախտությունների
պատճառ դարձավ։ Բաբելոն քաղաքը, որտեղ կառուցվում էր աշտարակը, եռում էր շինարարության
մոլուցքով։ Շատ չանցած աշտարակն այնքան բարձրացավ, որ ներքեւից գագաթն արդեն
չէր երեւում։ Աստված չներեց հսկաների այդաստիճան հանդգնությունն ու ամբարտավանությունը։
Սկզբում զորեղ մի հարվածով կայծակնահարեց աշտարակը, որը փուլ եկավ սարսափելի
դղրդյունով ու իր տակ ճզմեց շինարարներից շատերին։ Իսկ քիչ անց նաեւ «խառնեց»
լեզուները։ Մարդկանց մեջ խիստ անհամաձայնություն առաջացավ։ Ամեն մեկը սկսեց իրենը
պնդել բացարձակապես չլսելով դիմացինին։ Վեճերից մեկի ժամանակ Բել անունով հսկան,
որն աչքի էր ընկնում իր ուժով ու քաջությամբ, սուրը հակառակորդի կուրծքը խրեց,
սկիզբ դնելով հետջրհեղեղյան առաջին քաղաքացիական պատերազմին։ Օրինակը չափազանց
վարակիչ եղավ չարացած մարդկանց համար։ Ահռելի կոտորած սկսվեց հսկաների ու մյուսների
միջեւ։ Էներգիայի այն ավելցուկը, որն առաջացել էր աշտարակի շինարարության անակընկալ
դադարումով, կատաղած ամբոխը սիրով ուղղեց նախկին մերձավորին այն աշխարհ ուղարկելու
իշխանատենչ պայքարին։ Քիչ անց ուրվագծվեց առավել հզոր հսկան։ Նրա անունը Բել
էր Քամի ցեղից, Բաբելոնի լավագույն որսորդն ու ամենահզոր նախարարը, որի մասին
խոսվեց որպես առաջին արյուն թափողի։ Կար նաեւ Հայկ անունով մի ուրիշ հսկա Հաբեթի
սերունդներից։ Ի տարբերություն Բելի, Հայկը համարյա չմասնակցեց պատերազմին, իր
երեք հարյուր հոգանոց գերդաստանը զերծ պահելով կոտորածից։ Այն բանից հետո, երբ
Բելը դաժան պայքարում որոշակի հաջողությունների հասավ, ռազմական ուժի արյունոտ
սլաքն ուղղեց դեպի Հայկը։ Վերջինիս ներկայացավ մի պատվիրակ եւ իր տիրոջ` Բելի
անունից բավական գռեհիկ անփութությամբ բացատրություն պահանջեց։ Ինչ նպատակների
համար է Հայկը պահում իր երեք հարյուր հոգանոց հսկաների բանակը։ Հայկի դեմքին
ոչ մի մկան չշարժվեց։ Համբերությամբ լսեց դեսպանորդին սկզբից մինչեւ վերջ, ապա
մի շառաչուն ապտակ հասցրեց դժբախտ մարդու դեմքին։ Հարվածը սարսափելի ուժեղ էր
եւ անսպասելի։ Դեսպանի աչքերից կայծեր դուրս թռան, որոնց անմիջական օգնությամբ
նա ճիշտ ժամանակին հիշեց, որ Հայկը Բաբելոնի ամենաազդեցիկ նախարարներից մեկն
է, ոչ մի ասպարեզում չի զիջում Բելին, նույնիսկ որսորդության մեջ, իսկ որոշ դեպքերում
նույնիսկ գերազանցում է նրան։ Միեւնույն ժամանակ, Հայկի որդիներից Արամանյակը
դուրս քաշեց սուրը եւ պատրաստվեց անցնել իր ուժերը գերագնահատած մարդու գլխի
մարմնից անջատման զզվելի, բայց հետաքրքիր գործին։ Պատվիրակն իսկույն փոխեց խոսելու
ոճը։ Շտապեց բացատրել, որ իրեն ճիշտ չհասկացան։ Իր տերը` Բելը, չի մոռացել իր
նախկին որսընկեր Հայկի հետ բարեկամությունը։ Ուզում է դաշինք կնքել եւ մի պատվավոր
տեղ առաջարկել իր պետության մեջ։ Սրան Հայկը պահասխանեց, որ ցավոք իր պետության
մեջ, Բելին ոչ մի պատվավոր տեղ չի կարող առաջարկել։ Դեսպանը վերադարձավ ձեռնունայն
ու մի շառաչուն ապտակ էլ Բելից ստացավ։ Շուտով Բելը հանդարտվեց ու սկսեց ավելի
կոնկրետ գործողությունների պլան մշակել։ Այն թաղամասը, որտեղ ապրում էր Հայկն
իր գերդաստանով, մի ոչ մեծ զորախումբ ուղարկվեց։ Բելի նպատակը սկզբում ոչ թէ
պատերազմն էր այլ ռազմական ուժի ցուցադրումով հակառակորդի տրամադրվածությունը
ճշտումը։ Մի ամբողջ օր կանգնեց Բելի զորաբանակը հայկյան թաղամասի նեղլիկ փողոցների
առջեւ ու աննպատակ երթեր կատարեց հետ ու առաջ։ Ոչ ոք ուշադրության չարժանացվեց։
Միայն այն բանից հետո, երբ Բելի մի քանի զինվորներ հրդեհեցին տներից մեկը, Հայկը
դուրս եկավ բոլորի առաջ։ Դուրս եկավ միայնակ։ Հսկա աղեղը ձեռքին եւ նետերի կապարճը
ուսին։ Բելի զինվորները հաղթական ճիչ բարձրացրին, սակայն վաղաժամ էր նրանց ուրախությունը։
Ի նշան լռության Հայկը վեր բարձրացրեց ձեռքը, ապա, երբ վայնասունը դադարեց, հստակորեն
շարադրեց հետեւյալը, ըստ որի խոստանում էր շան պես սատկացնել յուրաքանչյուրին,
ով կհանդգներ գեթ մի քայլ առաջ գալ։ Մի պահ քար լռություն տիրեց։ Թվում էր թէ
ժամանակ էր պետք, որպեսզի ասվածը հասներ վայրագ ամբոխի բթամիտ գիտակցությանը։
Առաջինն ուշքի եկավ Նինուրթա անունով, նիհարավուն դեմքով ու ժանգոտ ատամներով
մի զինվոր, որը մյուսների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ հակառակորդը
մենակ է բոլորի դեմ։ Այս ասելով զինվորը կատարեց այն ճակատագրական քայլը, որի
հետեւանքներից նրանց այդքան հանգամարորեն զգուշացրել էր հսկան։ Հայկը մի շարժում
կատարեց, որի իմաստը սկզբում ոչ ոք չհասկացավ։ Հատու սուլոց լսվեց, ասես ինչ
որ մի բան թրատեց օդը։ Հայկի կողմից արձակված մի նետ էր դա, որը սուրալով կարճ
տարածությունը, ծակեց անցավ տարաբախտ Նինուրթայի մարմնի միջով ու ծանր վիրավորեց
ետեւում կանգնած զինվորին։ Նինուրթան մի պահ կանգնած մնաց չհասկանալով թէ ինչ
կատարվեց իր հետ, ապա խիստ զարմացավ թէ ինչու է գետին գլորվում։ Զգաց, որ ուժերը
դավաճանում են իրեն։ Տեսավ իր ընկերների ոտքերը, գիտակցեց, որ մեռած է, ապա հավիտյան
փակեց աչքերը։ Կատարվածից գազազած Բելի զինվորները թրերը մերկացրած առաջ նետվեցին
առանց հաշվի առնելու իրենց անհաջող դիրքը։ Հայկի կողմնակիցները նույնպես դուրս
եկան պարսպի ետեւից եւ հարձակման անցնելու ակնհայտ ցանկություն արտահայտեցին։
Հսկան սակայն, ձեռքի շարժումով կանգնեցրեց բոլորին, լարեց աղեղն ու կայծակի արագությամբ
եւս մի քանի նետեր ուղարկեց թշնամու կողմը։ Թաքստոցից դուրս եկածներից մի քանիսը
հետեւեցին նրա օրինակին։ Տասը զինվորներ, որոնք շարքերի առջեւում գտնվելու դժբախտություն
ունեին, ընթացի ժամանակ վար գլորվեցին, եւ քանի որ փողոցը նեղ էր, խիստ դժվարացրին
ետեւում գտնվողների առաջխաղացումը։ Երկրորդ շարքի զինվորները դիակներին զարնվելով
ցած գետնվեցին, երրորդ շարքը նույն ճակատագրին արժանացավ։ Մյուսները, չհասկանալով
թէ ինչ կատարվեց, ապշահար կանգ առան։ Իսկական խուճապը, սակայն, սկսվեց այն բանից
հետո, երբ տեսնելով թշնամական շարքերի իրարանցումը Հայկի զինվորները առաջ խոյացան
եւ սարսափելի կոտորած սկսեցին։ Մարտը տեւեց մի քանի րոպե։ Բելի զորախումբը խայտառակ
փախուստի դիմեց։ Իմանալով պարտության լուրը, Բելը անասելիորեն գազազեց։ Հայկին
անհապաղ պատերազմ հայտարարեցին։ Կազմվեց նախկինից տասնապատիկ ավել զորք, որը
ձեռնամուխ եղավ նոր գրոհ կազմակերպել։ Շուտով, սակայն, ջրի երես դուրս եկան հանգամանքներ,
որոնց վրա նախկինում ոչ ոք ուշադրություն չէր դարձրել։ Պարզվեց, որ Հայկի գերդաստանը,
որը համարյա չէր մասնակցում պատերազմին, մանրակրկիտ ձեւով պատրաստված է դրան։
Թաղամասը իսկական ամրոցի էր վերածված եւ բացի այդ չափազանց հարմար դիրք ուներ։
Երեք կողմից պաշտպանված էր այն ուժերով, որոնք թշնամաբար էին տրամադրված Բելի
նկատմամբ։ Չորրորդ կողմը պարիսպ էր քաշված, որի երկարությամբ խորը փոս էին փորել
եւ մեջը ջուր լցրել, ինչպես նաեւ շարժական կամուրջ անցկացրել վրայով։ Դարպասների
մոտ օրուգիշեր դաժան դեմքերով հսկա զինվորներ էին հերթապահում, որոնց ռազմաշունչ
տեսքը միայն, սահմռկեցուցիչ դող էր առաջացնում հակառակորդի սրտում։ Մուտքը դեպի
թաղամաս, տանում էին բազմաթիվ, սակայն փոքր մոքր փողոցներ։ Տարածքի սակավության
պատճառով անհնար էր օգտագործել ուժերի այն գերակշռությունը, որն ուներ Բելն այդ
պահին եւ որի վրա այդքան հույս էր դրել։ Տեսնելով Հայկի դիրքային անվիճելի առավելությունները,
Բելը ստիպված էր հանգիստ թողնել նրան։ Հայկը սակայն երկար չմնաց Բաբելոնում։
Մի գիշեր, երբ սաստիկ գինովցած պառկել էր քնելու, Աստված այցելեց նրան երազում։
Այն ժամանակ մարդիկ այնքան անհավատ եւ փչացած չէին, որքան այժմ, եւ Աստված երբեմն
երեւում էր նրանց։ Եի ահա, Արարիչը շնորհ արեց Հայկին այցելել նրան երազում։
Պատվիրեց անհապաղ թողնել մեղքերի բնօրրան Բաբելոնը եւ գնալ հյուսիս, դեպի այն
երկիրը, որտեղ ջրհեղեղի ժամանակ ապաստան գտավ Հայկի ոչ հեռավոր նախնի Նոյը։ Խոստացավ
պահել ու պահապանել այդ երկիրը, մինչեւ «աշխարհի վերջը»։ Մի քանի օր անց, հավաքելով
իր որդիներին ու թոռներին, ինչպես նաեւ իրեն հարած մյուս բաբելոնցիներին, Հայկն
ուղեւորվեց հյուսիս։ Հասավ մի հսկա ջրազանգվածի, որն այսօր Վանա լիճ է կոչվում։
Տեղանքը Հայկին շատ դուր եկավ եւ ուզեց մնալ, սակայն չէր կարող։ Այդ պատճառով
այդտեղ թողեց իր ամենասիրելի թոռանը` Կադմոսին ու շարժվեց առաջ։ Շրջանցեց լիճը,
հանդիպեց մի հսկայական լեռան եւ նույնպես շրջանցեց այն։ «Ահա եւ տեղ հասանք»,
բարձրաձայն ասաց Հայկը, «Ահա այն լեռը, որը մի անգամ արդեն փրկել է իմ փառավոր
նախնինի Նոյին»։
Գանգրահեր դյուցազունը սխալվում էր։ Դա Արարատ լեռը չէր, որտեղ իր տապանով ապաստանել
էր Նոյը։ Արարատը ավելի հյուսիս է գտնվում եւ մի փոքր բարձր է։ Ասենք տեսքն էլ
ամբողջովին ուրիշ է։ Արարատը երկու գագաթ ունի` Մասիսն ու Սիսը, այլ կերպ` մեծ
եւ փոքր Արարատները, որոնք լեռնային այս աշխարհի խորհրդանիշն են եւ երկար ժամանակ
մարմնավորել են Մեծ եւ Փոքր Հայքերը։ Այն բարձունքը, որին հասել էր Հայկը եւ
շփոթել Արարատի հետ, այժմվա Սիփանն է։ Ժայռե մի բարձունք, բազում գագաթներով
մի լեռնազանգված, նման հսկաների, որոնք ուս ուսի տված կանգնած են թշնամու առաջ
որպես անսասան մի պատ։
Շուրջբոլորը սակավ բնակեցված դաշտավայր էր։ Հնազանդեցնելով տեղացիներին, որոնց
մեծ մասը կամովին ընդունեց Հայկի իշխանությունը, հսկան շարժվեց ավելի արեւմուտք,
մի վայր որն ի պատիվ հայրերի Հարք կոչեց։ Հիմնեց Հայկաշեն անունով մի բնակավայր
եւ բնակվեց այնտեղ։ Հայկի սերունդները բազմանալով տարածվեցին չորս կողմ, հարավում
տարածվելով այն լճի շուրջը, որն այսօր Վանա է կոչվում։ Առաջացավ Աստծո կողմից
պատվիրված այն երկիրը, որին Հայք անունը տրվեց ի պատիվ այն մարդու, որը ստեղծել
էր այն։
Իսկ ինչ էր տեղի ունենում Բաբելոնում։ Նույնը, ինչ որ մինչեւ Հայկի մեկնելը, սակայն որակական որոշ փոփոխություններով։ Չկար այլեւս Հայկը։ Բելի ձեռքերն արձակված էին կապանքներից։ Եւս Մի քանի արյունոտ հարված եւ ամբողջ Բաբելոնը ծնկի իջավ Բելի առաջ։ Բելը պարտադրեց իր օրենքները, իսկ նրա օրենքները դաժան էին։ Ընկճված նախարարները մեկիկ մեկիկ ներկայացան Բելի պալատ, ծունկի գալով երկրպագեցին նրան ինչպես իսկական աստծո ու ճանաչեցին նրա գերակայությունը իրենց նկատմամբ։ Բելը դարձավ Բաբելոնի միապետ։ Առաջին թագակիր անձը, որը հայտնի է աշխարհին։
Անցան տարիներ։ Մեծաավ ու բարգավաճեց Բաբելոնը։ Բելը ուրիշ երկրներ էլ նվաճեց
ու աշխարհի հզորագույն մարդը դարձավ։ Բոլորը խոնարհվեցին նրա առաջ, սակայն ինչ
որ մի բան հանգիստ չէր տալիս նրան։ Վերջին ժամանակներս տրամադրությունն անընհատ
ընկած էր։ Աչքին չէին երեւում ոչ կանայք, ոչ երաժիշտներն ու պարուհիները, ոչ
ամեն օր կազմակերպվող որսերը, որոնք այդքան սիրում էր Բելը երիտասարդ տարիներից
ի վեր, եւ ոչ էլ անքանակ հարստությունները, որ ծանր հարկերի տեսքով բերվում էին
աշխարհի չորս կողմերից։ Ինքն էլ չէր հասկանում թէ ինչն է պատճառը, եւ ահա մի
օր, երբ աշխարհի լավագույն որսորդ Բելը հերթական վարազին տապալեց իր սրածայր
նիզակով, հանկարծ բռանցրեց իրեն այն մտքի վրա, որ Հայկն է իր տրտմության ու հոգեկան
անբավարվածության պատճառը։ Աշխարհի տիրակալ, բոլորին սարսափի ու հնազանդության
մեջ պահող... Բայց մի թէ ինքը հնազանդեցրել է ամբողջ աշխարհը։ Մի թէ Հայկը հնազանդվել
է իրեն։ Հիշեց ընդհարումը նրա հետ ու մարմնով մի տհաճ դող անցավ։ Հիշեց իր անարգված
դեսպանին, կես հարյուրյակ կոտորված զինվորներին, խայտառակ փախուստն իր զորքի,
որը մի հոգի գեթ չկարողացավ գետնել հակառակորդի շարքերից։ Տրամադրությունը վերջնականապես
փչացավ։ Կրկին մտածեց Հայկի մասին ու հիշեց թէ ինչպես էին երիտասարդ տարիներին
որսի գնում միասին։ Ինչպես էր Հայկը վարազին սպանում։ Ոչ իր նման, նիզակի հարվածով,
ձի հեծած։ Ոչ, Հայկը բոլորովին այլ ոճ ուներ։ Անձայն մոտենում էր վարազին արդեն
վտանգավոր համարվող հեռավորության վրա ու համբերատար սպասում, եւ երբ վերջինս
կորցնելով ինքնատիրապետումը հարձակման էր անցնում, Հայկը սրի հատու հարվածով
երկու կես էր անում վարազի գլուխը։ Իսկական հերոս, որը նույնիսկ անգիտակից գազանի
հետ հավասար պայմաններում էր մարտնչում։ Հապա ինչպես էր առյուծ որսում, ինչպես
էր բանեցնում իր հսկա աղեղը, որն ամենամեծն էր համայն աշխարհում։ Ինչպես արմատախիլ
արեց վայրի գոմեշի պոզերը, ինչպես բռունցքի հարվածով արջ տապալեց, ինչպես մի
նետով երկու ցուլ սպանեց... Բելի գլուխը պտտվեց։ Նորից հավաքեց մտքերը։ «Մեր
ժամանակներում մարդն ապրում է ութ-ինն հարյուր տարի (Աստված դեռ չէր կրճատել
մարդու կյանքը), երբեմն, նույնիսկ հազար։ Հայկը կապրի հազարից էլ ավել։ Չնայած
ամենորյա կոտորոծներին ու համաճարակներին բազմանում է ճագարներից ավելի արագ։
Հայկի սերունդը կաճի ճագարներից էլ արագ։ Ինչ կլինի, երբ Հայկի սերունդը սաստիկ
շատանալով սպառնա ինձ։ Արդեն իսկ այնքան են շատացել, որ, ասում են, խիստ մոտեցել
են Բաբելոնի սահմանին»։ Այստեղ Բելը հանկարծ պատկերացրեց Հայկի մեծաքանակ զորքը`
ինքն էլ առջեւում կանգնած։ Բոլորը Հայկի դեմքով են, նրա նման լայնաթիկունք ու
գանգրահեր, հսկայամարմին ու քաջ, գերմարդկային աղեղ ձգողներ, բռունցքի հարվածով
արջ տապալողներ, մի նետով երկու ցուլ սպանողներ։ Սնոտի վախ համակեց Բելին։ Վերջ,
որոշված է։ Վաղն եւեթ կհավաքի զորքն ու հյուսիս կգնա։ Իսկ ինչու վաղը։ Հենց այսօր։
Կարշավի իր քաջարի բանակի գլուխն անցած, ոտի տակ կտա ամբողջ Հայքը, կայրի քաղաքներն
ու գյուղերը, կվերացնի Հայկի սերունդն աշխարհի երեսից Հայկի հետ միասին։
Մոռանալով սպանված վարազի մասին, Բելը դեն նետեց արյունոտված նիզակն ու առանց
որսընկերներին մի բան ասելու սլացավ Բաբելոն քաղաքի ուղղությամբ։ Հասնելով պալատ
Բելը թուլություն զգաց, պատերազմ սկսելու ցանկությունն իսպառ անհետացավ։ Հասկացավ,
որ Հայկի մահից էլ ավելի շատ ցանկանում է տեսնել նրա ստորացումը։
Այս դեպքից երեք օր անց, այն վայրում որտեղ հատվում են Տիգրիս եւ Վերին Զաբ
գետերը, ավելի ճիշտ կլիներ ասել որտեղ Վերին Զաբը թափվում է Տիգրիսը, հեծյալների
մոտ հարյուր հոգանոց խումբը կանգ առավ։ Գետանցում կատարելու անհրաժեշտություն,
սակայն, չկար։ Վերին Զաբը չէր փակում նրանց ճանապարհը։ Այն արեւելյան կողմից
էր լցվում Տիգրիսը, մինչդեռ իրենք արեւմտյան ափին էին կանգնած։ Շարունակելու
էին Տիգրիսն ի վեր գնալ։ Սկզբում դաշտավայրով, հետո լեռների միջով, այնքան, ինչքան
անհրաժեշտ կլիներ գետի ակունքներին հասնելու համար։ Այնուհետեւ մի հարմար տեղ
անցնելու էին Տիգրիսը, հաղթահարելու էին մի քանի լեռնաշղթաներ, եւ աղի մի լճի
կողքով հասնելու էին իրենց նպատակակետին։ Ոչ ոք դեռեւս պատկերացում չուներ ճանապարհի
առաջիկա դժվարությունների ու զրկանքների մասին։ Անկարող էր հարյուր հոգուց թեկուզ
եւ մեկը գուշակել, որ իրենցից կեսն էլ չի վերադառնալու վտանգավոր այս ուղեւորությունից։
Ջոկատը ինքնավստահ էր ու շքեղ հանդերձավորված, քանզի ծառաներն էին մի մարդու,
որը հզորագույնն էր աշխարհում, մի մարդու որից դողում էին աշխարհի երեք կողմերը`
արեւելքը, արեւմուտքը եւ հարավը։ Հյուսիսն էր մնացել միայն չհպատակեցված, բայց
դա իհարկե ժամանակավոր բան էր։ Այդպես էր համենայնդեպս մտածում մարդկանց տվյալ
բազմությունը։ Եկել էր այժմ նաեւ հյուսիսի հերթը, եւ պատվավոր սույն առաքելությունը
կատարելու պատիվը հանձնված էր նրանց։ Ավելի ճիշտ ոչ թէ նվաճելու այլ ինքնակամ
հնազանդվելու առաջարկությամբ էին գնում, պատգամավորներ էին, ոչ զինվորներ, չնայած
զինված էին մինչեւ ատամները եւ ռազմիկների ոգի ունեին։ Առաջարկելու էին հնազանդվել։
Հնազանդվել քանի դեռ ուշ չէ, քանի դեռ չեն հարուցել աշխարհի հզորագույն մարդու
բարկությունը։ Հենց այդպես է պատվիրել ասել իրենց տեր Բելը գոռոզ հյուսիսցի Հայկին։
«Դու ցուրտ սառնամանիքների մեջ բնակվեցիր, սակայն տաքացրու եւ մեղմացրու քո հպարտ
բնավորության ցուրտ սառնությունը եւ ինձ հնազանդվելով խաղաղ ապրիր, որտեղ որ
կհաճես իմ երկրում ապրելու»։ Ահա քանի օր է մտքում կրկնում է խմբի առաջնորդ Բաբը`
Բելի ավագ որդին հոր պատվիրած այս խոսքերը։ Կրկնում է, որպեսզի ոչ մի բառ չմոռանա
եւ գալիք ժամին ձաղկող մտրակի կոպտությամբ Հայկի երեսին շպրտի։ Եւ թող փորձի
Հայկն այդ ժամանակ չհնազանդվել։ Սա նրա համար Բաբելոն քաղաքը չէ, որտեղ կարելի
է թաքնվել պարսպի ետեւում ու խուսափել բացահայտ կռվից, եւ ժամանակներն էլ արդեն
ուրիշ են։ Քսանապատիկ ավել զորքին չեն դիմադրում, այլ խոհեմաբար հաշտություն
են խնդրում։ Իհարկե կկորցնեն պատիվը, սակայն գոնե կյանքը կփրկեն։
Բաբը վրայից թափ տվեց ճանապարհային փոշին։ Հաճույնով նկատեց, որ հագի ոսկեզօծ
շորը նախկին գեղեցկությունը ստացավ։ Թանկարժեք զգեստ էր դա։ Միջագետքի լավագույն
դերձակների մի քանի ամսվա աշխատանքը։ Ամբողջովին ասեղնագործված նախշերով ու կենդանիների
մանր գծանկարներով։ Կրծքին ոսկեթելերով դրոշմված էր գերբնական մի էակ։ Առյուծի
ու վիշապի խառնուրդ։ Երկար, կանացի վզով, ետ գցած գլխով, բարալիկ ոտքերով ու
մարմնով։ Նույն նրանից, որ այսօր էլ կա պատկերված Բաբելոնի Իշտար աստվածուհու
դարպասին։ Կենդանուն կատարելության աստիճան անթերի էին ստեղծել։ Ասես շնչավոր
էակ լիներ։ Ասես ուր որ է կշարժվեր ու վիշապային իր գլխով կուլ կտար այն, ինչ
դեռեւս չէր հասցրել կուլ տալ ու երկարավուն վզով դեպի իր առյուծաձեւ մարմինը
ուղարկել։ Ինչպես եւ իր տերը առյուծավիշապը սնապարծ էր ու ամբարտավան։ Անշուշտ
ընդօրինակել էր իրեն շրջապատող մարդկանցից։ Կամ էլ, մարդիկ էին ընդօրինակել նրանից։
Բաբը մեկ անգամ եւս զմայլվեց իր զգեստով, ուղղեց գոտուց կախված դաշույնը, նայեց առյուծավիշապին, ասես ստուգեց տեղում է թէ ոչ, ապա բարձրացրեց ձեռքն ու ուղղեց դեպի հյուսիս։ Տիգրիսն ի վեր։ Դեպի Հայքի լեռները։
Վերադառնում ենք հսկային, որը լճափին կանգնած սպասում էր նավակին։ Անշուշտ ընթերցողն արդեն գլխի է եկել, որ դա նույն Հայկն էր, որի մասին այսքան երկար պատմեցինք։ Նրան թողել էինք այն պահին, երբ մտքերով տարված դեռեւս չէր նկատել մոտեցող նավակը։ Ընդամենը մի քանի վայրկյան էր հսկան մտովի հեռացել աշխարհից, որը, սակայն, բավարար եղավ հիշելու այն ամենը ինչ կատարվել էր իր հետ Բաբելոնում։ Շուտով ինքն էլ տեսավ նավակը ու ձեռքով անհամբերությամբ նշան արեց։ Նավակում սկսեցին ավելի եռանդուն թիավարել։ Թիակների երկու տասնյակ հզոր հարվածներ նավակը սաստիկ մոտեցրին ափին։ Ալիքները դադարեցին դիմադրել եւ նավակի քիթը խրվեց լճափի ավազների մեջ։ Ափ ելածներն արագ դուրս թռան նավակից եւ նետվելով դեպի Հայկը բավական ջերմորեն ողջագուրվեցին այն հարազատների պես, որոնք ահագին ժամանակ է չէին տեսել իրար։ Դրանք բոլորը Հայկի թոռներն էին` Արամանյակի որդի Կադմոսի գլխավորությամբ։ Հսկան նրանց նայում էր ագահորեն, մի մարդու պես, որը կորցրել էր վերջիններիս կրկին տեսնելու հույսը։ Երբ շոշափեցին իրար ու համոզվեցին որ կենդանի են, երբ գրկեցին իրար ու կարոտներն առան, Կադմոսը պատմեց իրենց գլխով եկածը։ Հայկի հանձնարարությամբ Միջագետք էին մեկնել ու վերջապես տեսել Բելին, որը հսկայական բանակ էր հավաքել ու շուտով տեղ կհասներ։ Երկու օր Կադմոսը հաշվել էր նրանց քանակը, սակայն վերջը դեռ չէր տեսել։ Վախեցել էր Հայկի քաջ թոռը մեծաքանակ զորքից։ Շտապել էր հարազատների մոտ իմաց տալու տեսածի մասին։ Քանի դեռ Բելը հեռու էր, Կադմոսը հավաքել էր իր ամբողջ ժողովրդին ու անվտանգ նահանջ կազմակերպել դեպի Հարք։ Մինչ նրանք կշրջանցեին լիճը, նա մի քանի եղբայրների հետ նավակ էր նստել ու անցել հակառակ ափը, որպեսզի ավելի շուտ իրեն սպասող Հայկի մոտ հասնի։
Ի զարմանս թոռների, Հայկը կատարյալ հանգստություն էր պահպանում։ Հսկայի վրա տպավորություն չթողեց ոչ ահարկու զորքի նկարագրումը Բելի հետ միասին, ոչ էլ նրա քանակը, որից այդքան անհանգստացած էր Կադմոսը։ Ավելին, Հայկը սկսեց կատակել։ Հիշեցին անարգված Բաբի պատմությունն ու բոլորի տրամադրությունը միանգամից բարձրացավ։ Երբ երիտասարդների ծիծաղը հանդարտվեց, Հայկը բոլորին հրամայեց գնալ հանգստանալու, իսկ Կադմոսին պատվիրեց գտնել տոհմի ամենաուժեղ քսան մարդկանց եւ իր մոտ բերել։ Կադմոսը շատ զարմացավ, սակայն ոչ մի մկան չշարժվեց հսկայի արժանավոր թոռան դեմքին։ Լուռ գլուխ տվեց ու գնաց կատարելու հրամանը։ Այն ժամանակ մեծերին առարկելու կամ չենթարկվելու սովորություն չկար։
Տիգրիսի եւ Վերին Զաբի միաձուլման վայրը կրկին հյուրեր ուներ։ Մարդկանց քանակը, սակայն, այս անգամ ակնհայտորեն ավելին էր։ Ռազմիկների հոծ զանգված կար այնտեղ, նման մի երկար վիշապի, որը գլուխը մոտեցրել է ջրին, սակայն իրանն այնքան երկար է, որ պոչը, դեռեւս չի երեւում։ Մարդկային այդ անհամար հորձանուտի մեջ, իր շքեղ հանդերձանքով, ազնվացեղ ձիով ու թագակիր գլխով առանձնանում էր մի հեծյալ։ Գաղտնապահություն չխաղանք ու միանգամից ասենք, որ դա Բելն էր։
Այն բանից հետո, երբ իր որդի Բաբին ուղարկեց դեպի Հայք, Բաբելոնի արքան սկսեց
սպասել ու համենայն դեպս արշավի պատրաստություն տեսնել։ Առաջին երեք շաբաթը Բելը
սպասեց ամենայն համբերությամբ։ Բաբը չկար, բայց անհանգստանալու կարիք` նույնպես։
Հե՞շտ բան է կտրել Հայքի լեռներն ու ետ դառնալ։ Անցավ եւս երկու շաբաթ։ Ոչ մի
լուր Բաբից։ Բելը նորից հանգստացրեց իրեն։ Երեւի, թէ Հայկը, սաստիկ վախեցած,
պատիվների է արժանացնում Բաբին ու այդ պատճառով երկար պահում է նրան իր մոտ։
Բայց եւ այնպես հրամայվեց արագացնել արշավի պատրաստությունը։ Անցավ երկու ամիս։
Գահի ժառանգորդն ասես գետնի տակ էր անցել։ Արքային իսկական տագնապ պատեց։ Զգացմունքայնությունն
այն ժամանակներում մոդա չէր, սակայն Բաբն, այնուամենայնիվ, իր որդին էր։ Բանակն
արդեն պատրաստ էր արշավելու, ուստի եւ շատ չերկարաձգեցին այն։
Պատերազմին լավ էին պատրաստվել։ Սակրավորները ուղտերի ու ջորիների քարավանի համար,
որը սննդով էր բեռնված ու երկար ժամանակ կկշտացներ հավերժ քաղցած զինվորներին,
ճանապարհ էին բացելու լեռներում։ Բանակը, երկու ամիս, ամեն օր մարզվել էր։ ՈՒնակ
էր փոշու վերածելու այն ամենը, ինչ կհանդիպեր ճանապարհին։ Հիմնականում կազմված
էր ծանր հետեւակից, զինված նիզակներով, կլոր վահաններով ու կարճ սրերով։ Կար
նաեւ թեթեւ հետեւակ, ձեռքներին նետ ու աղեղ, ինչպես նաեւ հեծելազոր, որը բանակի
հարվածային ուժն էր եւ առջեւից էր գնում։ Զորքը վերին աստիճանի կարգապահ էր։
Գնում էր աշխատելով չխախտել շարքերը, չնայած որ մոտակայքում թշնամական ուժ կամ
դրա արտաքին նշաններ չէին երեւում։ Հեծյալների առջեւից, իր երեւելիներով շրջապահված
գնում էր Բել արքան ու անընդհատ սրում տեսողությունը դեպի Տիգրիսի ակունքները։
Չի՞ երեւում արդյոք Բաբը։ Երկու անգամ արքան ինչ որ բան տեսավ հեռվում։ Երկու
անգամն էլ պարզվեց, որ տեսիլք էր հայտնվել նրան։ Մեկ ուրիշը վաղուց կորցրած կլիներ
հույսը, սակայն ոչ Բելը։ Եւ ահա երրորդ ագամ Բաբելոնի հսկան հեռվում ինչ որ բան
նշմարեց։ Փոքրիկ մի սեւ կետ։ Բելը փակեց աչքերն ու մի քանի վայրկյան անց նորից
բաց արեց։ Միայն թէ չանհետանա։ Նորից տեսավ սեւ կետը, որը կարծես մի փոքր մեծացել
էր։ Արքան խթանեց ձիուն ու առաջ սլացավ։ Թիկնապահները հետեւեցին նրան։ Սեւ կետը
կամաց կամաց մեծացավ։ Շատ չանցած մարդանման մարմիններ ուրվագծվեցին, որոնք սակայն
վատ էին իրարից ջոկնվում։ Բելի սիրտը թրթռաց։ Ով կարող էր լինել Բաբելոնից այսքան
հեռու, չորուկ ավազների մեջ, որտեղ ամեն մի շնչավոր վախենում է չափից ավելի հեռանալ
Տիգրիսից։ Իհարկե իր որդի Բաբն էր, որ վերադառնում էր Հայքից ու հյուսիսի հպատակեցման
լուրը բերում։ Բելի բոլոր կասկածները ցրվեցին։ Ավելի ուժեղ խթանեց ձիուն։ Տեղ
հասնելով, սակայն, Բաբելոնի արքան խորը հիասթափություն ապրեց։ ՈՒմ որ ընդառաջ
էր գնացել, ամենեւին էլ իր որդի Բաբը չէր։ Բելի առաջ կանգնած էր մոտ քսանհինգ-երեսուն
մարդուց բաղկացած մուրացկանների մի թշվառ բազմություն, ամբողջովին ցնցոտիների
մեջ ու երկարամյա քաղցից սաստիկ լղարած մարմիններով։ Սկզբում Բելը անզուսպ կատաղությամբ
համակվեց։ Մի բան, որ բավական հաճախ էր պատահում նրան վերջին ժամանակներս։ Ուզեց
կոտորել տալ բոլորին, այս ամենի մեղքը գցելով նրանց վրա, սակայն վերջին պահին
զսպեց իրեն։ Հյուսիսից են գալիս։ Միգուցե մի բան լսած լինեն Բաբի մասին։ Մուրացկաններին
բռնի կերպով Բելի մոտ քշեցին։ Թշվառների մեջ աչքի էր ընկնում մեկը, որը մյուսներին
մի կողմ հրելով փորձում էր արքային մոտենալ, սակայն ուժասպառությունից կորցրեց
գիտակցությունն ու վայր ընկավ։ Մի աներեւույթ ուժ մշուշապատեց Բելի գիտակցությունը,
իջեցրեց նրան ձիուց ու դժբախտ մարդու ուղղությամբ տարավ։ Արքան մտրակով ճանապարհ
էր բացում խառնամբոխի միջով, որոնք չգիտես ինչու տեր էին անվանում նրան ու հագուստներից
կառչում։ Հասնելով ուշագնաց մարդուն, Բաբելոնի արքան կանգ առավ։ Աչքն ընկավ մուրացկանի
գոտկատեղին, որից թանկարժեք դաշույն կար կախված։ Նույն նրանից, որ կրում էր Բաբը,
երբ դեռ չէր հեռացել Բաբելոնից։ Որտեղից է մուրացկանն այսպիսի հազվագյուտ դաշույն
ճարել, մտածեց Բելը, սակայն շատ չխորացավ այդ մտքի վրա, այն պատճառով, որ ուշադրությունը
գրավեց հագուստը, որից որ կախված էր դաշույնը։ Հագուստը նույնպես ծանոթ թվաց
Բելին։ Ճիշտ է, այն պատառոտված էր ու տեղ- տեղ ամբողջովին քրքրված, սակայն դեռեւս
նշմարվում էին ոսկեթելերի մնացորդներ, որոնցով մի ժամանակ նուրբ ասեղնագործություն
էին կատարել շորի վրա։ Անկասկած, դա շքեղ զգեստ էր եղել։ Բելը, ինչպես ոչ ոք,
մի բան հասկանում է դրանից։ Արքայի հետաքրքրությունն այնքան բորբոքվեց եւ նա
շուռ տվեց պառկածին մեջքի վրա։ Այժմ կարելի էր տեսնել դեմքը, սակայն Բելն ամբողջովին
կլանված էր զգեստով։ Ուշադիր զննեց հագուստը ու հայացքը դեմ առավ կրծքին, որտեղ
ծանոթ պատկերի հանդիպեց։ Բաբելոնի խորհրդանիշ առյուծաձեւ վիշապը, կամ վիշապակերպ
առյուծը, չգիտեմ ինչպես անվանել նրան, խղճուկ հայացքով Բելին էր նայում։ Ամենակարող
Աստված։ Չէ որ սա Բաբի հագուստն է։ Բելը ճանաչեց այն։ Այս ավազակն անշուշտ սպանել
է նրան ու հագուստին տիրացել։ Բաբելոնի արքան գոտկատեղից դուրս քաշեց դաշույնն
ու վեր բարձրացրեց ձեռքը, որպեսզի ամբողջ ուժով պառկած մարդու կուրծքը խրի, զրկի
նրան կյանքից ու լուծի սիրելի որդու վրեժը։ Նույն պահին, ուշագնաց մարդը բացեց
աչքերը, ձեռքը պարզեց դեպի Բելն ու անմարդկային ձայնով ինչ որ բան մրմնջաց։ Դաշույնը
ցած ընկավ շանթահարված Բելի ձեռքից։ Ի դեմս մուրացկանի նա ճանաչեց իր որդի Բաբին։
Սկզբում առաջ էին գնացել էին առանց դժվարությունների։ Հետո սկսվեցին լեռները, ու դրանց հետ էլ Բաբի բոլոր դժբախտությունները։ Ամբողջ կյանքի ընթացքում հարթավայրում էին ապրել, Տիգրիսի ու Եփրատի հովիտներից բացի, ուրիշ բան չէին տեսել։ Առաջին անգամ էին անցնում լեռների միջով եւ սկզբում ծայրաստիճան զմայլված էին։ Ամեն մի լեռ առանձին պատկեր էր ներկայացնում, որոնց անընդհատ դիտելով չեն կշտանում այդպիսի բան երբեք չտեսած մարդկանց աչքերը։ Սակայն շուտով տարերային դաժան իրականությունը ցույց տվեց, որ բարձրաբերձ լեռներն ունեն նաեւ իրենց երկրորդ, ավելի իսկական երեսը։
Տեղ-տեղ ճանապարհն այնքան նեղ էր, որ մի հոգուց ավել անկարող էր անցնել։ Ձիերն ու ջորիները ավելի էին դժվարացնում լեռնանցումը։ Դեռ ոչինչ, երբ ցածր լեռնանցքով ես անցնում։ Բայց ահա բարձրացան մի բարձր սարի զառիթափ լանջին եւ Բաբը ներքեւ նայելով մտածեց, որ անզգուշորեն ցած գլորված մարդը ստիպված կլինի երկար ժամանակ սուր քարերի վրայով գահավիժել։ Դե իհարկե իրենց հետ այդպիսի բան չի կատարվի։ Տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Լեռներին անսովոր կենդանիներն իրենց անհանգիստ էին պահում։ Առավել վախեցած մի ձի ծառս եղավ տեղում ու հեծյալը չկարողանալով պահպանել հավասարակշռությունը անդունդն ընկավ։ Մոտ գտնվող մարդիկ անկարող եղան օգնել։ Իրարանցում էր սկսվել, ամեն մեկը հազիվ իրեն պահեց նույն ճակատագրին չարժանանալու համար։ Բաբը լավ ընկեր էր։ Մի քանի հոգի ուղարկեց ներքեւ օգնության հասնելու համար, որոնք զգուշությամբ ներքեւ իջան ու որոշ ժամանակ անց բերեցին այն արյունով շաղախված մսագնդե խյուսը, որը մի քանի րոպե առաջ մարդ էր եղել։ Սկսեցին ավելի զգույշ շարժվել, սակայն դժբախտ պատահարների թիվը դրանից չպակասեց։ Երկրորդ օրը եւս երեք մարդ ագահ անդունդի բաժին դառան։ Ավելի ուշ պարզվեց, որ իրենք ամայի լեռների միակ բնակիչները չեն։ Իսկական պատուհաս էին կիսավայրենի լեռնցիները։ Սրանք, ճիշտ է, մարդկային կորուստներ քիչ պատճառեցին, սակայն հաջողացրին ուտելիքով բեռնված ջորիներ եւ ձիեր թռցնել։ Եղան ընհարումներ նաեւ մարդկային անսովոր ներկայությունից խրտնած վայրի գազանների հետ, որոնք կյանքով հատուցեցին, սակայն եւս մի քանի հոգի պակասեցրին Բաբի արկածախնդիր ջոկատից։ Մահը սովորական բան դարձավ։ Դեպի անդունդ գահավիժած մարդկանց օգնության հասնելու հիմար սովորությանը վերջ տրվեց։ Թվում էր թէ մարդկային արյան ծարավ լեռները վերջ չունեն, սակայն գեղեցիկ մի օր սարերը սկսեցին նոսրանալ եւ կամաց կամաց իրենց տեղը դաշտերին զիջեցին։ Շրջանցվեց եւս մի քանի լեռ եւ Բաբը, մեկ երրորդով ոչնչացված ջոկատով ու տանջանքներից կիսով չափ խարխլված արժանապատվությամբ, Հայկաշեն մտավ։
Հայկը հյուրերին ջերմորեն ընդունեց։ Հրամայեց կերակրել բոլորին ու հանգստանալու
տեղ տալ։ Նման վերաբերմունքից խրոխտացած Բաբը նախկին ամբարտավանությունը ձեռք
բերեց, եւ երբ Հայկը հյուրին հարցրեց իր գալու բուն նպատակի մասին, վերջինս սառը
անպարկեշտությամբ նետեց այն խոսքերը, որոնք չմոռանալու եւ ամենակարեւորը արիությունը
չկորցնելու պատճառով կրկնել էր ամբողջ ճանապարհին։ Խոժոռվեցին խոսակցությանը
ներկա Հայկի որդիներն ու թոռները։ Արամանյակը Բելի որդուն նայեց մի հայացքով,
որով նայում են մոտագույն ապագայում անդրշիրիմյան աշխարհ ճանապարհորդություն
գնացող մարդկանց։ Բանը, սակայն կռվի չհասավ։ Հայկը սաստող հայացքով զսպեց թէ,
իր որդիներին եւ թէ Բաբի շուրջը կուտակված թիկնապահներին եւ ապա մի փոքր դադարից
հետո ասաց հետեւյալը. «Նրա համար չեմ լքել Բաբելոնը, որպեսզի ետ վերադառնամ եւ
Բելն էլ իմ տերը չէ, իսկ եթե այդպիսին նա այնուամենայնիվ իրեն երեւակայում է,
ապա պարտավոր հիմնավորել ինչ որ մի բանով եւ կամ ապացուցել զենքը ձեռքին ինչպես
վայել է իսկական տղամարդուն։ Ետ դարձիր ու պատմիր նրան ինչ որ տեսար Հայքի լեռներում։
Երդվում եմ Աստծով, այս լեռները հավերժական գերեզման կդառնան յուրաքանչյուրի
համար, ով կհանդգնի խախտել նրանց վեհ լռությունը»։
Լեռների մասին հիշատակումը, որոնց եւս մեկ անգամ հաղթահարելու անհրաժեշտություն
կար, Բաբին դառն իրականությանը վերադարձրեց։ Առջեւում կանգնած էր մեկ այլ լեռ`
Հայկ հսկան, որը Հայկաշենը լքելու համար մեկ օր ժամանակ տվեց։
Ետդարձի ճանապարհն ավելի տանջալից եղավ։ Սարերում ձյուն էր եկել։ Ձիերն ու ջորիները չկարողացան անցնել լեռնանցքը։ Ստիպված էին հրաժարվել դրանցից, իսկ դրանց վրա բեռնված էր ուտելիքի մեծ մասը։ Առաջ գնալը դժվար էր, ետ դառնալը անհնար։ Մի քանի տասնյակ անգղեր չարագուշակ հետաքրքրությամբ սավառնում էին գլխավերեւում։ Լեռներն անցնելու փորձ արդեն ունեին, կիսավայրենի մարդկանց հարձակումներից նույնպես զերծ մնացին, քանի որ ձիեր եւ ջորիներ այլեւս չունեին, սակայն դրա փոխարեն վրա հասավ անհայտ մի հիվանդություն, որին սովից ու հոգնածությունից թուլացած մարմինները անկարող էին դիմադրել։ Համաճարակը սպառում էր կենսական ուժերը եւ անզոր դարձնում նրանց։ Ուժեղները թուլացան, թույլերը պատրաստվեցին մեռնելու։ Մարդիկ ընկնում ու այլեւս չէին վեր կենում։ Ամեն քայլափոխի յուրաքանչյուրը մտածում էր, որ հիմա ինքն էլ կընկնի։ Չորս կյանք խլեց մահը առաջին օրը։ Սրբապիղծ մարդիկ չէին, չորսին էլ խնամքով թաղեցին քարերի տակ։ Երկրորդ օրվա մեռելները թաղվեցին ավելի պակաս ոգեւորությամբ։ Երրորդ օրը այդ կապակցությամբ վեճ եղավ։ Ուժասպառ մարդիկ հրաժարվում էին լրացուցիչ աշխատանք կատարել։ Բաբը սուրը ձեռքին սպառնաց նրանց եւ մեռելները, ճիշտ է դժկամությամբ, սակայն կրկին թաղվեցին։ Չորրորդ օրը մարդկանց թաղելու հիմար սովորությանը վերջ տրվեց։ Մահը հնձում էր անխնա։ Ընկածներին ոչ ոք չէր մոտենում։ Մի քանի քայլ դեռ չարած տեսնում էին, թէ ինչպես անգղը իջավ ու կտցեց ընկերոջ դեմքը, որի հետ մի քանի ժամ առաջ մի կտոր հաց էին կիսել, իսկ ավելի վաղ կյանքերն էին վտանգել հանուն իրար։ Մի քանի օր անց սովը անտանելի դարձավ։ Ուտելիք համարյա չկար։ Եղածն էլ մի բան չէր եւ չէր վերականգնում ուժերը։ Երբեմն հաջողվում էր մանր կենդանի խփել եւ այն հոշոտվում էր վայրկյանապես, առանց խարույկի վրա խորովվելու։ Հիվանդությունը կարծես չքացավ, հիմա էլ ուժասպառությունն էր մահ տարածում։ Եղան մարդիկ, որոնք հրաժարվեցին առաջ գնալ։ Այդպիսինները որպես կանոն երկար չէին մնում հանգիստ պառկած։ Համբերատար անգղերը մի փոքր սպասում էին, ապա շրջապատում հերթական զոհին ու սկսում իրենց դժոխային խրախճանքը։ Անցան օրեր։ Բաբն ու իր մարդիկ կորցրին Բաբելոն հասնելու ամեն մի հույս։ Մարմինները ընդարմացել էին, ուղեղները թմրել։ Ոտքերը քարշ էին գալիս ինքնաբերաբար, ձեռքերը ծուլորեն կախ էին ընկած կողքերից։ Քսանհինգ մարդ քայլ էին կատարում չլինելով վստահ կկարողանա՞ն արդյոք անել հաջորդը։ Ապրելու ցանկությունը, սակայն, մեծ էր։ Բաբն իր մարդկանց հետ կտրեց անցավ լեռները։ Սկսվեց Տիգրիսի հովիտը։ Մարդկանց մեջ հույս արթնացավ։ Հույսը ուժ ծնեց ու տարավ նրանց Տիգրիսն ի վար։ Որոշ ճանապարհ անցնելուց հետո տարօրինակ խշշոց լսվեց, որն ամեն քայափոխի ուժեղանում էր։ Մարդկանց թվաց, թէ խելագարվում են, բայց ավելի ուշ գլխի ընկան։ Վերին Զաբն էր, որն աղմուկով Տիգրիսն էր լցվում, սակայն դեռեւս չէր երեւում։ Անշուշտ կերեւար, երբ անցնեին գետի ոլորանը։ Ոլորանն անցնելուց հետո ուրիշ բան էլ երեւաց։ Բաբելոնի փառապանծ բանակը ծածկել էր հորիզոնը։
Բելը աշխարհ տեսած մարդ էր։ Ոչ անծայրածիր դաշտերը, ոչ սաղարթախիտ անտառները, ոչ խորունկ ձորերը եւ ոչ էլ ջրառատ լճերը նորություն չէին նրա համար։ Հաճախ էր նաեւ լեռներով անցել, որոնց որ այդ պահին համառորեն հաղթահարում էր։ Հեշտ տեղամասերն անցնում էին սրընթաց։ Դժվարամատչելի հատվածներում առաջ էին գալիս սակրավորները եւ ճանապարհ բացում մարդկանց եւ կենդանիների համար։ Գնում էր Բելը մտածկոտ հայացքով, գլուխը երբեմն վեր բարձրացնում եւ նայում սպառնագին կախված ժայռերին։ Հայքի տարածքում էին, շուտով Հայկաշեն կհասնեին, արդեն քսան անգամ կլիներ, այդպիսի քարակույտերի տակով էին անցնում, որոնք, թվում է, ուր որ է կպոկվեն ու հավերժ գետնին կհավասարացնեն ներքեւում գտնվող ամեն ինչ։ Բելն իհարկե գիտեր, կանգնած են այդ ժայռերը հարյուրավոր դարեր, կմնան կանգուն եւս հարյուրավոր հարյուրամյակներ։ Կարո՞ղ էր արդյոք այնպես պատահել, որ հազարամյակների այդ հորձանուտում լեռների կործանման պահը իր կործանման հետ համընկներ։ Իհարկե քիչ հավանական էր։ Այնուամենայնիվ Բաբելոնի արքան, չնայած իր անսահման արիությանը, որոշ սնոտի վախ էր զգում։ Ոչ, ակնհայտ էր, լեռները նրա տարերքը չէին։ Հարցրեց ուղեցույցներից մեկին։ Շա՞տ է արդյոք մնացել մինչեւ Հայկաշեն։ Ծերունին, որին ուղղված էր հարցը, ձգվեց, գործնական տեսքով նայեց դեպի հյուսիս, ապա ցույց տալով որոշակի ուղղությամբ ասաց, որ ահավասիք, սա վերջին լեռնանցքն է, որ պիտի հաղթահարեն։ Դրանից հետո սարերն իրենց տեղը կզիջեն դաշտերին, որտեղից արդեն Հայկաշենը հեռու չէ։ Բելը նայեց այն բարձունքի ուղղությամբ, որը ծերունին որակեց որպես վերջին լեռնանցք։ Արքային թվաց, թէ դրանք ավելի մռայլ ու վտանգավոր են քան նախորդ մյուս լեռները։ Հետաքրքրությունից, թէ այն բանից ելնելով, որ սարերն աընդհատ իր առջեւում էին, Բելը զննում էր դրանք` մերթ առանձին առանձին, մերթ միասին վերցրած, եւ զանազան տպավորություններ ստանում։ Ահա այն ժայռը նման է որսորդից փախչող եղնիկի, մյուսը մարդ է, որը պառկել է մի փոքր հանգստանալու։ Ահա մի կույս աղջիկ ջուր է լցնում սափորի մեջ, ահա եւ մի գանգրահեր հսկա, որը ձեռքի քարագունդը պատրաստվում է նետել հակառակորդի վրա։ Բելը ամբողջ ուժով ձգեց նժույգի սանձը։ Ձին ծառս եղավ տեղում։ Մերձավորները զարմացած արքային նայեցին, բայց ոչ ոք չհամարձակվեց մի բան ասել։ Տեսիլքը սթափեցրեց Բելին։ Գանգրահեր հսկան նրան Հայկին հիշեցրեց, որին ասես մոռացել էր վաղուց ի վեր։ Ինչ էր դա տեր Աստված, վերուստ ուղարկված նշան, թէ մի դատարկ ուրվապատկեր, նման այն երազներին, որոնցից մարդիկ տեսնում են հարյուրներով։ Ոմանք քնած ժամանակ, ոմանք էլ արթմնի։ Բելը բարկացավ ինքն իր վրա։ Մի մարդ որը համարյա հպատակեցրել է ամբողջ աշխարհը, մի թէ իրավունք ունի այդպիսի զգացումներ ունենալու։ փառք քեզ տեր Աստված, որ խոսքից առավել ստեղծել ես նաեւ միտք, որի շնորհիվ մեր զգացմունքներն ու մտորումները թաքուն են մնում շրջակա մարդկանցից, այլապես արքան արքայի չէր նմանի, եւ նրա ծառաներն ու որդիները պատկառանք չէին ունենա նրա հանդեպ։ Բելը որոշեց այլեւս չմտածել նման բաների մասին։ Շուտով հասան լեռնանցքին։ Այս վերջին արգելքն այդքան դժվար չէր ինչպես նախորդները։ Մի վտանգավոր տեղամաս կար միայն, որը հաղթահարելու դեպքում կարող էին համարել, որ բարեհաջող տեղ են հասել։ Բելը առաջին մի քանի հազար զինվորների հետ միասին, անարգել անցավ դրա միջով։ Թիկնապահները նրա դեմքին գոհունակ ժպիտ նկատեցին։ Արքան նույնիսկ պատրաստ էր ի սրտե ծիծաղել, սակայն ահավոր դղրդյունը, որը հանկարծակի պայթեց անամպ երկնքում, սառեցրեց ժպիտը նրա դեմքին։ Բելը ետ նայեց։ Սարսափազդու մի քանի ժայռեր պոկվել էին իրենց տեղից եւ վիթխարի բարձրությունից ներքեւ էին գլորվում դժոխային աղմուկով։ Խուճապի մատնված զինվորները այս ու այն կողմ փախան։ Մարդկանց հիմնականում հաջողվեց փրկել իրենց կյանքը, քանի որ քարագնդերը բարձրից էին գլորվում եւ բավական ժամանակ կար ընդհարումից խուսափելու համար, սակայն ընդամենը մի քանի վայրկյանում ոչ լայն ճանապարհը տարբեր մեծության քարերով լցվեց եւ Բաբելոնի զորքը երկու մասի բաժանեց։ Որոշ ժամանակ անց, Բելը իրենից ետ վանեց սնոտի մտքերն ու գնահատեց ստեղծված իրավիճակը։ Բանակի հիմնական մասը մնացել էր փակված ճանապարհի այն կողմում։ Մեկ օր կպահանջվեր ճանապարհը մաքրելու համար։ Սպասել աշխատանքի ավարտին երեք կողմից ելք չունեցող այս նեղ կիրճում մահացու վտանգավոր էր։ Յուրաքանչյուր վայրկյան կարող էր հայտնվել Հայկը եւ օգտվելով թշնամու ծայրահեղ անհաջող դիրքից արագ պարտության մատնել նրան։ Զինվորների այն քանակությունը, որոնց հաջողվել էր անվնաս անցնել, մոտավորապես ավելին էր, քան կորող էր ունենալ Հայկը։ Դա նա ստույգ գիտեր Բաբի պատմածներից։ Ուստի եւ մտածելու հարկ այլեւս չկար։ Հարկավոր էր շտապ հեռանալ այդ բնական ծուղակից եւ ամրանալ հեռվում երեւացող բլրի գագաթին։ Մնացյալ զորքին հրամայվեց մաքրել ճանապարհն ու միանալ արքային այնքան շուտ, ինչքանով դա հնարավոր էր։
Հայկը վերցրեց հսկայական աղեղը, լարը ձգելով ստուգեց այն եւ գոհ մնալով ամրությունից մի կողմ դրեց։ Աղեղը, որը պատրաստված էր Բաբելոնի լավագույն զինագործների կողմից շատ վաղուց, պատկառազդու տեսք ուներ եւ իր չափերով հավասարը չուներ ամբողջ աշխարհում։ Պատերազմի կամ որսի ժամանակ մի հոգի զբաղված էր այն Հայկի ետեւից բերելով, մինչեռ մյուս զինակիրը բերում էր կապարճը, որի մեջ գտնվող նետերը մեկ ուրիշի համար կարող էին նիզակի տեղ ծառայել։ Այնուհետեւ հսկան ձեռքն առավ ոչ պակաս հսկայական թուրը եւ մի քանի անգամ օդում թափահարեց, կատարելով երկու-երեք կտրող եւ նույնքան էլ խոցող հարվածներ։ Համոզվելով, որ զենքերը կարգին վիճակում են, իսկ ձեռքերը վարժ դրանք կրելու համար, Հայկը դուրս եկավ վրանից, որտեղ գտնվում էր վերջին մի քանի ժամը եւ սպասում մի իրադարձության, որն արդեն կատարվել էր։ Դրա մասին քիչ առաջ նրան ստույգ ասացին։ Վրանից դուրս Հայկին սպասում էին մի քանի զինակիրներ, ավագ որդի Արամանյակը եւ քիչ առաջ լուր բերած երիտասարդ մի հայկազուն։ Հայկի խաղաղ դեմքը, մի բան որից չէր կարելի եզրակացնել թէ նա պատրաստվում է կենաց եւ մահու պատերազմ վարել Բելի դեմ, եւ նրա հանգիստ շարժումները, մի բան, որից կարելի էր ենթադրել, թէ նա ամենեւին չի շտապում որեւէ տեղ, փոքր ինչ շփոթեցրին եռանդուն երիտասարդին։ Մի թէ անհրաժեշտ է մեկ անգամ եւս կրկնել այդ հույժ բարենպաստ լուրը։ Ուղեցույցները համոզել են Բելին գնալ այն ճանապարհով, որտեղ նրան սպասում էին լեռներում թաքնված հայկազունները։ Ավելին, վերջիններիս հաջողվել է առանց նկատվելու հսկայական ժայռաբեկորներով լցնել նեղ կիրճը եւ այդպիսով կտրել Բելին իր հիմնական զորքից։ Բաբելոնի արքան դուրս գալով լեռնանցքից ճամբար է զարկել մոտակա բլուրին եւ չի էլ մտածում կռվի բռնվել, քանի որ հանգստանում է հոգնեցուցիչ ուղեւորությունից։ Անակնկալ հարձակումը հաղթանակ կպարգեւի մեր զորքին, որն արդեն քանի օր է կազմ ու պատրաստ սպասում է Հայկի մեն մի խոսքին։
Հայկը սեւեռուն նայեց իր տոհմակցին եւ ասես կարդաց նրա մտքերը։ Այս երիտասարդը,
որն իր գերդաստանում լավագույններից մեկն է թրամարտում, չի համբերում կռվի մեջ
մտնել։ Ահարկու փոթորկի նման կհեղեղի թշնամուն, աջ ու ձախ մահ կսփռի, մինչեւ
որ կընկի մեկնումեկի հարվածից։ Այն կողմում էլ, իհարկե, թրին ծանոթ մարդիկ կան,
ի միջի այլոց, քանակով ավելի շատ, եւ չնայած հոգնած են ճանապարհից, սակայն հասցրել
են ամրանալ բլրի գագաթին։ Սակայն ով կտա արյան պատասխանը, որը պետք է թափվի քիչ
հետո։ Արդյոք նա իրավունք ունի զոհաբերել իր մարդկանց եւ այդ ամենը սոսկ նրա
համար, որ Թորգոմի որդի Հայկը չի կամենում ենթարկվել մի մարդու, որին բոլորն
են ենթարկվել համայն աշխարհում։ Հայկը փակեց աչքերն ու մտովի աստծուն դիմեց։
Բարձրյալի հետ կապը կրկին ամրացրեց հսկայի փոքր ինչ սասանված կամքը եւ հեռու
վանեց թուլամորթ մտքերը։ Մի թէ Հայկը հանուն իր փառասիրության է միայն վարում
այս պատերազմը։ Մի թէ ինքը հարյուր անգամ ավելի չի վտանգելու իր կյանքը, քան
տոհմի որեւէ այլ անդամ։ Մի թէ մահն ավելի լավ չէ ստրկությունից։ Աչքի առաջ է
այն օրինակը, թէ ինչպես է Բելը վարվում իր հպատակների հետ։ Մի մասին դաժանորեն
կսպանի, մյուսներին կքշի Բաբելոն, իսկ մնացածներին կթողնի այստեղ ու ծանր հարկեր
կդնի։ Գեղեցիկ կանանց կխլի ամուսիններից, կլրացնի իր հարեմը կամ իր մեծատոհմիկներին
կնվիրի։ Երեխաներին ստրկութան կտանի ծնողների աչքի առաջ։ Հայկը հստակորեն պատկերացրեց
այդ ամենը եւ վերջնականապես վճռեց։ Թող կատարվի Աստծո կամքը։ Նրա համար չի բերել
այստեղ Բարձրյալը, որպեսզի կրկին Բելին հանձնի։ Անշուշտ այդ է պատճառը, որ մինչ
այժմ հաջողությունն ուղեկցել է իրեն։ Հայկին հայտնի է Բելի ամեն մի քայլը, մինչդեռ
վերջինս նույնիսկ չգիտի, որ մի քանի ժամից ստիպված է լինելու վճռական ճակատամարտ
տալ։ Տեսնենք, թէ ինչ կլինի։ Կաշխատենք Բելին անձնական մենամարտի դրդել։ Հակառակ
դեպքում կհաղթենք արյունոտ մարտում։
Հայկը թեթեւակի նշան արեց։ վեց-յոթ զինակիրները բեռնվեցին հսկայի զենքերով ու
հետեւեցին նրան։ Արամանյակը քայլեց հոր կողքով, իսկ երիտասարդ հայկազունը, դեմքին
անհամբեր ուրախության ժպիտ, սուրաց դեպի առաջ, որտեղ նրանց սպասում էր հայկյան
զորքը։
Վրանում պառկած Բելը վերջապես հանգիստ շունչ քաշեց։ Անիծյալ լեռնաշղթան հաղթահարված էր եւ չնայած զորքի մեծագույն մասը իրեն կմիանար մեկ օր հետո միայն, սակայն եղածը լիովին բավարար էր ճակատամարտ տալու` եթե քանակով համարժեք թշնամի երեւար, կամ էլ առանց բլրի գագաթից իջնելու պաշտպանողական մարտ վարելու, եթե մեծաքանակ զորք պատահեր։ Հայկը երեւի սարսափած թաքնվել է ինչ որ ամրության ետեւում եւ իհարկե չի համարձակվի քիթը դուրս հանել։ Իսկ մինչ այդ կարելի էր հանգստանալ։ Իր հավատարիմ բանակը վաստակել էր դրա իրավունքը։ Բելը հաճույքով հիշեց։ Չնայած իր հետ բանակի փոքրագույն մասն է գտնվում, սակայն դրանք Բաբելոնի լավագույն զինվորներն են։ Բազամյա պատերազմներում կոփված եւ ոչ մի անգամ պարտության դառնությունը չճաշակած փառապանծ ասպետներ։ Նրանց օգնությամբէ նա գրավել համարյա ամբողջ աշխարհը։ Այժմ կարելի է ասել նաեւ ամբողջ աշխարհը։ Մի թէ ինքը Հայքում չէ արդեն։ Ինչ է մնում անելու։ Մի ձեւական ճակատամարտ։ Իսկ ավելի հավանական է գործը գլուխ գա առանց պատերազմի։ Բաբելոնի զորքի տեսքը միայն սարսափի կենթարկի ըմբոստ Հայկին։ Որեւէ մարդ, որի գլխում գեթ մի կաթիլ խելք ու բանականություն կա, դուրս չի գա մի բանակի դեմ ինչպես ջրի կաթիլն օվկիանոսի։ Ինչ իմաստ կա կոտորել մի ամբողջ ժողովուրդ, եթե չկա հաջողության եւ ոչ մի հույս։ Էլ չենք ասում, որ այդ ժողովրդի մեծ մասը Հայկին տոհմակից են եւ նա նրանց վրա դողում է որպես սեփական արյան։ Ասենք մյուսներին էլ վատ չի վերաբերվում Հայկը։ Համենայն դեպս այդպես է ասում վերջերս նրա մոտ հյուրընկալված Բաբը։ Մեծահոգի է մեր հարգարժան հակառակորդը, սակայն նրա հետ իհարկե մեծահոգաբար չենք վարվի։ Թէ ինչ կլինի նրա գերդաստանի հետ, թող որոշեն իմ հավատարիմ ծառաները։ Նրանց կնվիրեմ այն ամենը ինչ կարելի կլինի վերցնել այս երկրից։ Մարդ կամ անասուն, կին կամ երեխա, ոսկի կամ արծաթ, բոլորը նրանց։ Կսպանեն թէ հետները կվերցնեն։ Կվաճառեն թէ իրենց բարեկամներին կնվիրեն։ Թող անեն ինչ ուզում են։ Իրեն միայն կենդանի Հայկին բերեն։ Սպանե՞լ նրան։ Իհարկե ոչ։ Բելը բարձրաձայն ծիծաղեց այդ մտքի վրա։ Հայկը ստրուկ կլինի Բելի պալատում եւ ջուր կբերի արքայի համար։ Այս միտքը, սակայն, այնքան էլ դուր չեկավ Բելին։ Չափազանց աննշան բան էր դա Հայկին նսեմացնելու համար։ Բելը սկսեց արագորեն տարբեր բաներ մտածել, որոնք նրա կարծիքով իսկապես կստորացնեին Հայկին։ Մտքերը բազմաթիվ էին, սակայն արքային չէր հաջողվում դրանցից մեկին կառչել։ Ախոռապանը սովորական բան թվաց նրան, իսկ հովիվը արդեն ազատության նման մի բան էր։ Օդը հեղձուկ էր։ Դա էր անշուշտ պատճառը, որ մի կարգին բան չէր հաջողվում մտածել։ Արքան դուրս եկավ վրանից եւ շարժվելով բլուրն ի վար մի փոքր հեռացով իր զորքից։ Հանդիպելով մի հսկա ծառի, որի տերեւները մեղմիկ խշշում էին թույլ քամուց, իսկ քիչ հեռու քչքչում էր սառնորակ մի աղբյուր, Բելը կանգ առավ եւ հաճույքով ներս քաշեց թարմ թթվածինը։ Հայկին սկզբում պետք է սովի ենթարկել, միառժամանակ մտածեց Բելը։ Ահա թէ ինչպիսի մեծ ազդեցություն ունի թարմ օդը մեր ուղեղի վրա։ Հետո կարելի է նրա հսկա մարմինը տանջանքների ենթարկել։ Արքան ագահորեն դեպի իր թոքերը կլանեց թթվածնի մի նոր, ավելի մեծ զանգված, եւ իսկույն զգաց, թէ ինչպես ամբողջ տասը տարով ջահելացավ։ Ինչ ճիշտ վարվեց ինքը, որ դուրս եկավ վրանից ու հեռացավ ճամբարից, որտեղ մահու չափ ձանձրալի էր քծնելի հայացքների ու կեղծ ժպիտների ներքո։ Իսկ օդը իսկական հրաշք է։ Հազար անգամ ավելի լավ, քան Բաբելոնի հեղձուկը։ Բելը կռացավ եւ ջուր խմեց աղբյուրից։ Այն վերջնականապես կազդուրեց նրան։ Չէ, այս սրիկա Հայկը գիտե որտեղ բույն դնել։ Չարժե, սակայն, այսքան տարվել մանրուքներով։ Ինչ ենք անելու Հայկին, երբ իմ բազմափորձ դահիճները բավականաչափ կզվարճանան հաշմելով նրա վերջույթները։ Կհանեմ նրա աչքերը, եղավ առաջին միտքը։ Ոչ, սկզբում մի աչքը։ Մի քանի ամիս անց, իսկ ավելի լավ է մեկ տարի անց` երկրորդ աչքը։ Եվ միայն դրանից հետո կարելի է կտրել նրա պերճախոս լեզուն։ Բելը մի վայրկյան էլ մտածեց, ապա այնպիսի մի ուժով հռհռաց, որ նույնիսկ Հայկաշենում լսվեց։ Ահա թէ ինչ է պետք անել Հայկի հետ լեզուն կտրելուց հետո։ Կտանի իր հետ Բաբելոն, ազատ կարձակի նրան, կհրամայի դուրս չթողնել քաղաքից եւ գոռոզ Հայկը մինչեւ իր կյանքի վերջը կապրի ողորմություն խնդրելով։ Բելը պառկեց ծառի ստվերում եւ պաշտպանվելով արեւի կիզիչ ճառագայթներից վերջնականապես ընկավ երազների գիրկը։ Հեռվում երեւացող տեսարանը, սակայն, կտրեց նրան անուրջների թագավորությունից։ Վիթխարի մի զանգված, ճիշտ է դանդաղ, բայց համառորեն մոտենում էր լեռանը։ Բելը ոտքի կանգնեց եւ ավելի ուշադիր նայեց։ Դրանք մարդիկ էին, ավելի ճիշտ զինվորներ։ Առջեւից քայլում էր իր չափերով մյուսներից խիստ տարբերվող մեկը, շրջապատված մի քանի հոգով, հավանաբար զինակիրներով եւ թիկնապահներով։ Բելը կարողացավ մոտավորապես որոշել հակառակորդի քանակը։ Դրանք ավելի քիչ էին իրենցից։ Դե, ինչ արած։ Չհաջողվեց հպատակեցնել Հայքն առանց կռվի, կնվաճենք այն պատերազմով։ Բայց այժմ թող իրենց մեղադրեն։ Բելը հայազուններին նայում էր այնպես, ասես նրանց հանդեպ մեծահոգաբար էր վարվել, առաջարկելով դառնալ իր ստրուկները, իսկ նրանք անշնորհակալ էին դուրս եկել եւ այժմ վիրավորվելով դրանից, որոշել էր դաժանորեն պատժել։
Բելը ձայն տվեց դեպի ճամբար եւ մի քանի թիկնապահ, որոնք հեռվից հետեւում էին իրենց տիրակալին, արագորեն մոտեցան։ Արքան խոսելու փոխարեն ցույց տվեց այն, ինչ քիչ առաջ խախտել էր նրա հոգեւոր անդորրը։ Փոքր ինչ շփոթված զինվորները տագնապի փող հնչեցրին։ Մի քանի րոպե անց ամբողջ բանակը ոտքի վրա էր։ Զինվորները չհասցրին հանգստանալ եւ ոտքի ելան կռվելու հոգնած մարմնով ու սասանված կամքով։ Արքայի խրոխտ տեսքը, սակայն, վերադարձրեց շատերի ինքնավստահությունը։ Բելը շատ շուտով կարողացավ համոզել բոլորին։ Իրականում ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել։ Թշնամին սակավաթիվ է, բացի այդ անհարմար դիրք է ընտրել, գտնվելով լեռան ստորոտին։ Առաջադրանքը ավելին քան դյուրին է։ Ետ մղել հակառակորդին, եթե նա բավականաչափ հանդգնություն ունենա գրոհել ճամբարը։ Անելով այս ամենը, Բելն իր ընտիր ջոկատի գլուխն անցած կանգնեց մնացյալ զորքի առջեւում։ Գլխին ուներ գեղեցիկ մի սաղավարտ։ Կուրծքը եւ մեջքը պահպանում էին պղնձյա հատուկ տախտակներ, իսկ թեւերն ու սրունքները, նույպես հատուկ, պահպանակներ։ Ձախ ձեռքին պահել էր հսկայական մի վահան, աջին սարսափելի մի նիզակ։ Գոտկատեղից կախված էր երկսայրի սուրը։ Բելի աջ եւ ձախ կողմերում կանգնած էին Բաբելոնի ամենաանվանի ասպետները, որոնք ընդօրինակելով իրենց արքային նույն կերպ էին հանդերձավորված ու սպառազինված։ Նրանցից մի քանի քայլ հետ շարվել էին մնացյալ զինվորները` պատրաստ կռվի նետվելու արքայի առաջին իսկ նշանով։
Բելը ուշադիր զննում էր հակառակորդի պահվածքը։ Մի՞ թէ կհանդգնեն բլուրն ի վեր բարձրանալ եւ գրոհել Բաբելոնի զորքը։ Իհարկե ոչ։ Ինքն այդպես էլ գիտեր, որ դեռ բլուրին չհասած նրանք կանգ կառնեն։ Բայց ինչ է կատարվում։ Ինչու՞ է նրանցից մեկը շարունակում առաջ գալ։ Ով՞ է այդ խենթը։ Չլինի՞ որոշել է միայնակ կռվել մյուսների փոխարեն։ Ահա նա էլ կանգ առավ։ Նիզակը խրեց հողի մեջ, նետն ու աղեղը մի կողմ նետեց եւ դուրս քաշելով հսկայական գեղարդը մի քանի անգամ հարվածեց սեփական վահանին։ Բելը ճանաչեց նրան եւ վերջապես հասկացավ։ Դա Հայկն էր, եւ իրեն մենամարտի էր հրավիրում։ Արքայի մնացյալ մերձավորները նույնպես հասկացան այդ եւ ոմանք հետաքրքրությամբ, ոմանք չարախնդությամբ, քանզի երբեմնի պարտված էին Բելի կողմից, նայեցին Բելին։ Բելը նույնքան քաջ էր, որքան եւ գոռոզ։ Մոտակա մենամարտի հեռանկարը ամենեւին չվախեցրեց եւ չշփոթեցրեց նրան։ Արյունը եռաց նրա երակներում եւ սարսափելի կատաղությամբ ինքն էլ դեն նետեց նիզակը, դուրս քաշեց սուրն ու Հայկին ընդառաջ գնաց։ Քար լռություն տիրեց։ Եւ հայկազունները, եւ բաբելացիները շունչները պահած հետեւում էին այս երկու, աշխարհի ամենափառապանծ ասպետներին։ Քաջերը հիասթափված էին, որ զրկվում են կռվելու հնարավորությունից, վախկոտները ուրախացած, որ չեն ենթարկվում կյանքը կորցնելու վտանգին։ Մյուսներն ավելի անտարբեր էին նայում այս ամենին։ Սակայն կային նաեւ մարդիկ, որոնց ամենեւին ձեռնտու չէր արքայի նման պահվածքը։ Դրանք Բելի մեծատոհմիկներն էին։ Բաբելոնի թագավորությունը հիմնված էր անսահմանափակ արքայական իշխանության վրա, որի մեջ սողոսկել էին անհամար քծնողներ եւ երկերեսանիներ եւ դուրս մղել բազմաթիվ արժանավորների։ Նրանցից շատերը ոչինչ էին եղել առանց Բելի եւ նորից ոչնչություն կդառնային, եթե մենամարտը, իսկ դա ավելին քան հնարավոր էր, վատ ելք ունենար։ Բաբելոնում քիչ չէր դժգոհների թիվը, պատրաստ հաշիվ տեսնելու պատահականորեն բարձրացած այդ մարդկանց հետ։ Այդ էր պատճառը, որ արքան մի քանի քայլ չարած դեպի հակառակորդի բանակը, շրջապատվեց սեփական մեծատոհմիկներով, որոնք ջանք չէին խնայում նրան համոզելու հետ կանգնել հույժ վտանգավոր այդ ձեռնարկումից։ Բելն անդրդվելի էր։ Ոչինչ չէր կարողանում արքային ստիպել ետ կանգնելու Հայկի հետ մենամարտելու մտքից, սակայն մեծատոհմիկները նորանոր փաստարկներ բերեցեին եւ Բելը ավելի մատչելի դարձավ նրանց գրոհների համար։ Եւ իրոք։ Ինչ կարիք կա վտանգելու սեփական կյանքը, երբ հազարները պատրաստ են տալու իրենցը։ Իր քաջությունը Բելն արդեն վաղուց ապացուցել է բոլորին, հաղթելով անվանի զինվորների ու ասպետների, իսկ այս Հայկը խորամանկ է եւ սահման չկա նրա նենգությանը։ Տեսնում է, որ պարտություն կկրի, եթե բաց ճակատամարտ տա, եւ այդ պատճառով որոշել է մի միջոցի դիմել, որը նրան հաղթելու չնչին հույս է տալիս։ Բացի այդ, մի թէ վայել է իրենց կանգնած նայել ինչպես է արքան թափում իր արյունը։ Այդպիսի անպատվություն Բելի մեծատոհմիկները երբեք թույլ չեն տա, եթե նույնիսկ ստիպված լինեն կոտորվել մինչեւ վերջին մարդը։ Այս ամենը լրացրին մի քանի իսկապես ազնիվ ասպետներ, արցունք աչքներին թույլատրություն խնդրելով մենամարտելու Բելի փոխարեն։ Արքան տեղի տվեց եւ ետ վերադարձավ։
Հայկը մեծ հույսեր չէր կապում ճակատամարտի ելքը անձնական մենամարտով լուծելու հետ եւ այժմ համոզվելով դրա անկարելիության մեջ պատրաստվեց ճակատամարտ տալ։ Հայկյան զորքը դասավորված էր եռանկյունու տեսքով։ Ձախ թեւը գլխավորում էր Արամանյակը իր եղբայրների հետ միասին։ Աջ կողմը վստահված էր Կադմոսին, որի ընտանիքը ամենահմուտն էր զենք բանացնելու գործում։ Կենտրոնում կանգնած էր Հայկն ինքը։
Տեսնելով, թէ ինչպես է Հայկն անվրդով բլուրն ի վեր բարձրանում Բելը իր մոտ թողեց միայն արքայական գունդը` վճռական պահին բեկում մտցնելու նպատակով, իսկ մնացյալներին հրամայեց իր ընդառաջ գնալ թշնամուն։ Հարկավոր էր մարտն ընդունել ոչ թէ բլրի գագաթին, որտեղ հավասարվում էին հնարավորությունները, այլ բլրի լանջին, որտեղ Բաբելոնի զորքն անվիճելի դիրքային առավելություն կստանար։ Մարտը սկսվեց Հայկի զինվորների սարսափելի նետաձգությամբ։ Բաբելոնցիները նախանձելի համառությամբ դիմացան նետերի տարափին եւ քայլքից վազքի անցնելով կրճատեցին երկու զորքերի միջեւ եղած տարածությունը։ Նետաձիգներն այժմ անելիք չունեին։ Առաջ եկավ հայկյան հետեւազորը եւ երկու բանակները սարսափելի աղմուկով իրար բախվեցին։
Բլրի գագաթին կանգնած Բելը հանգստությամբ հետեւում էր մարտի ընթացքին։ Ճիշտ է այն առայժմ անցնում էր փոփոխական հաջողության, սակայն Բելի ընտրած հաջող դիրքը շուտով պետք է ընդգծեր Միջագետքի զորքի գերակայությունը։ Իրոք, Հայկի զորքը երկար չէր կարող դիմանալ կռվելով բլրի լանջին։ Վերեւում գտնվելու առավելություն ունեցող Միջագետքի զորքը սկսեց քայլ առ քայլ ետ մղել հայկազուններին եւ շուտով, մարտի սկսվելուց կես ժամ չանցած, երկու բանակներն արդեն բլրի ստորոտին էին վիճարկում հաղթողին։ Այստեղ ճակատամարտը բռնկվեց նոր ուժով։
Հայկը կռվում էր նախանձելի թեթեւությամբ եւ իր շուրջը դիակների հսկայական կույտ էր գոյացրել։ Բաբելոնցիները նույնպես իրենց գործն իմացող զինվորներ ունեին։ Հակառակորդներն արժանի էին իրար։ Երկու կողմից անհամար զինվորներ էին ընկնում, սակայն մարտի ելքը մնում էր անլուծելի։ Բելը փորձառու զորավարի հայացքով գնահատեց դրությունը, ապա որոշելով, որ հասել է ժամը, ձեռքի վճռական շարժումով հրամայեց արքայական գնդին առաջ շարժվել։ Բաբելոնի ընտրյալ զորքը սարսափելի հեղեղի նման կռվի մեջ մտավ։ Այն, ինչ կատարվեց հետագա մի քանի վայրկյանում, խորապես զարմացրեց Բելին։ Իր վրա ընդունելով սոսկալի հարվածը, Հայկի զորքը ճեղքվածք տվեց, բայց բոլորովին ոչ այն կողմից որտեղից սպասվում էր։ Արամանյակի ձախ թեւը դիմացավ զարմանալի խիզախությամբ, իսկ Կադմոսի աջը գրոհը ետ մղելեց հետո նույնիսկ առաջ գնալու փորձեր կատարեց։ Ճեղքվել էր Հայկի գլխավորած կենտրոնը, որի վրա արքայական գունդն ուղղել էր իր հիմնական հարվածային ուժը։
Բլրի գագաթին կանգնած Բելը մի տեսակ հիասթափություն ապրեց։ Չափազանց հեշտ տրվելիք
հաղթանակը հոգեկան անբավարարվածության նոր զգացողություն առաջացրեց նրա մոտ։
Հսկայական բանակը, որ հայկական լեռնաշխարհ էր եկել անցնելով ահռելի տարածություն
եւ կրելով անասելի զրկանքներ, փաստորեն պետք չեկավ իրեն։ Գոռոզ Հայկը պարտության
էր մատնվում իր բանակի չնչին մասի կողմից միայն։ Այս մտքից Բելը մի տեսակ անհարմար
զգաց իրեն մի մարդու նման, որը ամիսներով լուրջ մենամարտի պատրաստություն է տեսել,
սակայն վճռական պահին արժանի հակառակորդի փոխարեն փոկրիկ երեխա է գտել իր առաջ։
Հսկայական բանակի առկայությունը մի փոքր ծիծաղելի վիճակի մեջ էր դնում Բելին
իր հպատակների առաջ։ Մի պահ ուզեց նույնիսկ ետ դառնալ դեպի ճամբար եւ այնտեղ
սպասել, մինչ կբերեին Հայկին, սակայն հետաքրքրությունից դրդված մնաց իր տեղում,
որպեսզի սեփական աչքերով տեսնի թշնամու վերջնական կործանումը։
Արքայական գունդը շարունակում էր մխրճվել հայկազունների բանակի մեջ իր ետեւից
տանելով մնացյալ զորքին։ Բելն ուղղակի ապշած էր։ Բավական ժամանակ էր անցել ինչ
ընտրյալ զորամասերը հարվածել էին թշնամուն, սակայն պատկերը չէր փոխվում։ Թեւերը
համառորեն դիմանում էին, իսկ կենտրոնը շարունակում էր նահանջել։ Հաջողությունից
ոգեւորված արքայական գունդը կործանիչ հարվածներ էր հասցնում եւ աննկարագրելի
հիացմունք պատճառում իր արքային, որը միեւնույն ժամանակ սկսել էր անհանգստանալ։
Գրոհով տարված միջատետքցիները չափից ավելի էին խորացել թշնամական զորքի մեջ,
կորցրել ընդհանուր գրոհի համաչափությունը եւ իսպառ խառնել մարտական շարքերը։
Նույն այդ պահին հայկյան զորքը զարմանալի ճկունությամբ մի քանի անհասկանալի մանեւր
կատարեց, ձգվեց օձի կաշվի նման, իսկ չգիտես որտեղից հայտնված թարմ ջոկատները
սրընթաց գրոհի անցան թեւերից։ Բելը կավճի նման սպիտակեց։ Նոր միայն հասկացավ,
Հայկը կրկին խորամանկեց իրեն։ Կեղծ նահանջով ներս քաշեց հակառակորդի բանակը,
սպասեց մինչեւ նրանք կկորցնեին մարտական դասավորվածությունը, ապա գրոհելով թեւերից
այժմ սպառնում էր շրջափակել այն։ Բելը ձեռքով եռանդուն շարժում կատարեց։ Նահանջի
շեփոր փչեցին։
Հայկը երկար ժամանակ սուր չէր բանացրել, սակայն կարեւոր այդ հանգամանքն ամենեւին չէր խանգարում նրան ցույց տալ այն, ինչ հիացմունքի մեջ էր գցում իր զինակիցներին եւ սնոտի սարսափով շղարշում թշնամուն։ Շրջապատված Հայքի լավագույն ասպետներով, որոնք ավելի շատ նրա կյանքն էին պաշտպանում, քան իրենցը, գանգրահեր հսկան, ինչպես երկնքից իջած մի աստվածություն, պտտեցնում էր աննմարդկային իր գեղարդն աջ ու ձախ եւ մահ սփռում շուրջբոլորը։ Որտեղ նրա սուրը հանդիպում էր զրահի, կտրում էր տիրոջ հետ միասին։ Որտեղ քաջ հակառակորդը ինքն էր առաջ նետվում, ընկնում էր ավելի շուտ, քան կհասցներ որեւէ բան նախաձեռնել։ Մասնակցելով կռվին, սակայն, Հայկն ամենեին չէր մոռանում իր զորավար լինելու առաջնային պարտականության մասին եւ ուշադիր հետեւում էր թշնամու ամեն մի չնչին շարժմանը։ Տեսնելով, որ Բելը դեռեւս ուժեր է պահում բլրի գագաթին, Հայկը վաղաժամ համարեց գործի դնել նախորոք մշակված ծրագիրը եւ ավելի ուժեղացրեցճնշումը թշնամու վրա։ Վերջապես Բելը կորցեցհամբերությունը եւ գրոհի նետեցարքայական գունդը։ Հայկազունների կենտրոնն իսկույն նահանջեցեւ մինչ ոգեւորված բաբելացներն առաջ էին խորանում, հայկազունները թիկունքիցուժեր առանձնացին եւ գրոհի անցան թեւերից։ Բելի հնչեցրած շեփորն ուշացած էր։ Ենթադրյալ կանոնավոր նահանջը խուճապահար փախուստով փոխարինվեց եւ չնայած միջագետքցիներին հաջողվեց դուրս գալ շրջափակման մահացու օղակից, սակայն վաղուց խարխլված մարտական շարքերն անկենսունակ էին դարձրել երբեմնի ահեղ բանակը։ Հայկազունները հետապնդում էին թշնամուն եւ սրի կամ նիզակի մահացու հարվածով գետին տապալում։ Կրկին առաջ եկան նետաձիգները։ Բլուրն ի վեր փախչող զինվորները հեշտ նշանակետ էին հմուտ աղեղավորների համար։ Կատաղությունից սպիտակած Բելը բանակը կրկին դասավորելու հուսահատ փորձեր էր կատարում։ Արքայի մերձավորները նետվել էին դեպի փախչող զինվորները եւ համախմբվելու խրոխտ կոչեր անում։ Բելն այժմ կանգնած էր միայնակ։ Նրա հսկա մարմինը, պատված պղնձյա թանկարժեք զրահներով, փայլում էր արեւի տակ եւ որոշակիորեն առանձնանում ընդհանուր պատկերի մեջ։
Հայկը մեկ վայրկյան զմայլվեց այդ փառավոր տեսարանով, որտեղ անշարժ կանգնած Բելը շողշողում էր արեւի տակ, ապա վճռական շարժումով դեն նետեց` սկզբում հսկայական վահանը, այնուհետեւ մահաբեր թուրը։ Հսկային ստվերի նման հետեւող զինակրին պետք չէր որեւէ հրաման տալ, այնքան որ պարզ էր նրա համար Հայկի արածը։ Այնպես որ, երբ Հայկը ձեռքը պարզեց, անմիջապես ստացավ իր գերմարդկային աղեղը։ Մյուս զինակիրը ոչ պակաս հապճեպորեն հրամցրեց նետերը կապարճը։ Իր ուշադրությունը շողշողուն կետին կենտրոնացրած հսկան վերցրեց նիզականման նետերից մեկը, խնամքով տեղավորեց աղեղի վրա, բանիմաց մարդու հայացքով չափեց իր եւ Բելի միջեւ եղած հեռավորությունը, փորձառու որսորդի պես գնահատեց քամու ուղղությունն ու ուժգնությունը, էլ ավելի կենտրոնացրեց առանց այն էլ լարված ուշադրությունը, ի մի բերեց ամբողջ կամքն ու ռազմական չարությունը, նշան բռնելու նպատակով փակեց ձախ աչքը, ձգեց կենդանու ջլերից պատրաստված աղեղնալարը ինչպես չէր ձգել երբեւէ, ապա եւ բաց թողեց։ Նետի արձակած սարսափելի սուլոցը ընդհատեց ճակատամարտը։ Հայկազունները դադարեցրին կոտորածը, բաբելոնցիները կանգնեցին ճշտելու` արդյոք երկինքը չի փլուզվում իրենց գլխին։ Սթափվեց եւ Բելը։ Սակայն մի պահ միայն։ Հազիվ հասցրեց Բաբելոնի արքան գիտակցել, թէ ինչ է պատահել, տեսավ իր առաջ մահվան պատկերը, ապա եւ վայր ընկավ, որպեսզի այլեւս երբեք չբարձրանա։ Սարսափելի ուժով արձակված նետը ճեղքել Բելի ամրակուռ զրահները եւ կուրծքը խրվել։ Այսպես զոհվեց Միջագետքի մեծագույն արքա Բելը, որը համաշխարհային պատմության մեջ ավելի հայտնի է Նեբրովթ անունով։
Բելի մահը որոշեց ոչ միայն ճակատամարտի այլեւ պատերազմի ելքը։ Արքայի մահը կտրուկ
փոխում էր քաղաքական իրադրությունը։ Առաջացել էին շատ ավելի կարեւոր եւ շուտափույթ
լուծում պահանջող հարցեր, քան Հայկի երկիրը նվաճելն էր։ Թագաժառանգ Բաբը իզուր
էր սուրբ վրեժի կոչեր անում արդեն օգնության եկած բանակին։ Ինչքան էլ զարմանալի
էր, պարզվեց, որ Հայկը ոչ քիչ քանակով դաշնակիցներ եւ համակիրներ ունի Բաբելոնում։
Ոմանք վաղուց հասունացած պահանջներ առաջադրեցին նորընծա արքային։ Մյուսները սպառնացին
Բաբին, եթե նա համարձակվի կատարել այդ պահանջները։ Մի քանիսը բացահայտորեն հրաժարվեցին
պատերազմին մասնակցելուց, իսկ ոմանք նույնիսկ իրենց անկախ հայտարարեցին Բաբից,
հաշտություն կնքելով միմյանց եւ Հայկի հետ։ Դառնացած Բաբը ստիպված էր հեռանալ
Հայքից իր հետ տանելով հոր աճյունը։ Բելը չմոռացվեց իր սերունդների կողմից։ Ավելին,
երբեմնի արքան պաշտվեց որպես գլխավոր աստվածություն։ Բաբելոնում նրան անվանում
էին Բել-Մարդուկ, Ասորեստանում` ավելի ուշ Վաալ կամ Աշշուր։ Չմոռացվեց Բելը նաեւ
Հայաստանում։ Լեռը, որի վրա գտավ իր վախճանը նրա անունով Նեմրուդ է կոչվում,
իսկ այն վայրը, որտեղ Բաբելոնի արքան ընկավ Հայկի նետից` Գերեզմանք։
Պատրաստել են |
![]() |
![]() |
Տեքստը տրամադրել
է՝ Արմեն Մալխասյանը։ |
Տես նաև |
![]() |
![]() |
Armen's page in English | Страница Армена на русском |