|
Սիմոն Սիմոնյան
Կենսագրություն
Ծնվել և մեծացել եմ Երևան քաղաքում, ապրել, ծաղկել, ըմպել այս կյանքի
բարիքները...
Տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ քսան-եսիմ-ինչքան տարիքում, ընտելացա,
անիմաստ սովորություններ ձեռք բերեցի, կարծես թե հասկացա օտար կյանքի
հոսքը՝ միաժամանակ ավելի սիրելով Հայրենիքը...
Սովորեցի այստեղ, ավարտեցի այնտեղ, և ապրեցի երջանիկ այսուհետև...
Մատերիս վրա դեռ մատանի չեմ տեսնում, հետևաբար պսակված չեմ...
Էլ ինչ... մի սրամիտ բիձա եմ ճանաչել, տպավորվեցին իր բառերը. «Տղա
ջան, եթե հանկարծ փողոցում երեխա տեսնես, մոտեցիր և շոյիր, հնարավոր
է, որ նա քոնն է»...
Կատակում եմ տափակ, էլի...
Այս ամենը հետ է բերում մանկության հուշերը, որոնց համաձայն ես, դեռ
միջնակարգ դպրոցի մանուկ, գրում եմ շարադրություն «Ինչ եմ ուզում դառնալ
երբ կմեծանամ» թեմայով: Չեմ հիշում ինչ էր երազում դառնալ այդ դպրոցականը...
կարծես թե ամեն ինչ. օդաչու, դերասան, թաքնվաձ հերոսային մի պատկեր...
կամ պարզապես ևս մի ուսուցիչ, որպեսզի աշակերտներին հանձնարարել «Ինչ
եմ ուզում դառնալ երբ կմեծանամ» շարադրությունը: Որպեսզի նրանք մեծանան
և իրենց համար պարզեն տարբերությունը «լինելու» և «դառնալու» միջև:
Ի՞նչ դառա վերջ ի վերջո: Բացեք այս կենսագրության անգլերեն
տարբերակը և կարդացեք: Չթարգմանեմ, էլի... կարճ ասած, կյանքս ուրախ
է... Ինչ եմ ես... երևի ճուտո բանաստեղծ...
Մի գուցե իմ մանկական լսողության համար գրավիչ էր մարդկային բառերի
մոգությունը: Թող ներեն ինձ փայլուն Սևակն և Չարենցը... սկզբից ինձ
ցնցեց ռուսական, հետո նաև անգլերեն գրականությունը: 12 տարեկան հասակում
հայտնաբերեցի Ախմատովա, Բրոդսկի, Գումիլյով անունները: Հետո հայնտվեցին
լատինական գրականության հսկաները: Լույս բարի, պարոն Բորխես, լույս
բարի, սենյոր Գարսիա Մարկես... Եվ դուք, երազկոտ Ռեյ Բրեդբերի... հարգելի
Հեմմինգուեյ, հարգելի Հեսսե: Դուք, Ռեմբոու և Մորրիսոն, կանոնավոր
Օսքար Ուայլդ և վհատ Դանտե Ալիգյերի: Դուք ստեղծեցիք այս տողերի հեղինակի
ներքին աշխարհի մի մասը: Դուք սովորեցրիք իրեն չվախենալ, չփակվել,
չօտարանալ: Դուք ազատություն բառը հիմնեցիք իր հոգում... Իսկ ես դառա
նա...
Տպավորություն է ստեղծվում, որ անիմաստ մրթմրթում է: Անկեղծ ասած,
խոսք էի տվել երկտողանի կենսագրությունով սահմանափակվել... Չստացվեց,
ավա՜ղ: Ինչ արած, քանի դեռ համը լրիվ չեմ հանել, փորձեմ պատասխանել
ամենակարևոր հարցին. «Ինչու՞ եմ գրում»։ Ինձ համար, գրելն շատ տարբեր
չի այլ ինքնա-արտահայտման ձևերից: Գեղարվեստ, թե քանդակագործություն...
մրցավազք, թե սուզանավի նորոգում, մենք բոլորս արտահայտում ենք մեր
ներքին աշխարհը: Փարաջանովը
այն պատկերում է գույներով, Տարկովսկին՝ լռության միջոցով, Գոգենը՝
կղզիների բնակիչների մերկ մարմինների, իսկ Կոմիտաս Վարդապետը՝ առաքելական
երգչախմբի կախարդող մեղեդիների միջոցով: Եվ երբ ձեր ներքին աշխարհը
գտնում է իր արձագանքը ուրիշների հոգում... երբ գտնվում են մարդիկ,
որոնք հասկանում են, ապա դա կարելի է անվանել մի պարզ բառով՝ երջանկություն:
Ես երջանիկ եմ, երբ դուք կարդում եք այս տողերը: Ես երջանիկ եմ, որովհետև
ես գրում եմ...
Ձեր,
Սիմոն Սիմոնյան,
Writer, developer/engineer/consultant
and a proud proud proud owner of Razbirat.com
PS. Ձեզ լավ նայեք, ժողովուրդ ջան: |