ՎԱՂԸ
— Վերջապես դու էլ մահացար,— ասաց նա ինձ եւ նրա աչքերը փայլեցին, որովհետեւ
վաղ առավոտ էր, իսկ արեւը դեռ դուրս չէր եկել։
— Ուրախ եմ,— ասացի ես ու գնացի թեյնիկը միացնելու։
Ոտքս դիպավ ինչ-որ բանի։
— Ի՞նչ,— կանչեց նա։
— Չեմ սիրում, երբ կատուները չեն ճանաչում իրենց տեղը,— մտածեցի, որ նա մտածեց,
որ ես չեմ սիրում կատուներին։
Փորձեցի դառնանալ, բայց դե նա ինձ ճանաչում է, չէ՞։ Ես ցավում եմ, որ այս թեյնիկը անձայն է։ Ես սիրում եմ հին թեյնիկները։
— Դու տառապում ես անցյալասիրությամբ,— երբեմն ասում է նա, երբ ես ամեն առավոտ գնում եմ թեյնիկը միացնելու, եւ ես չեմ վիճում, որովհետեւ համարվում է, որ նա հոգեբան է։ Այսինքն՝ թվում է, նույնիսկ թվվում է։ Համարթիվ։ Մեր լեզուն սքանչելի չէ, այնպես չէ՞։ Ճիշտն ասած, ամեն ինչից կարելի է հոգնել ու ամեն ինչին կարելի է սովորել, ինչպես սովորել հոգնելուն կամ հոգնել սովորելուց։ Հիմարություն է։ Պետք է երաժշտություն լսել։ Օրինակ՝ Էլթոն Ջոն։ Նա երգում է վաղուց։ Երբեմն լավ է երգում։ Երբ որ նրան լսելու տրամադրություն կա։
— Կուզեմ լսել քո երգերի սկզբնաղբյուրը,- ամսագրում գրել էր մեկը մյուսին ու
նրան հրավիրել էին ընթրելու մյուսի հետ։
— Կարո՞ղ ես գնալ ու հետ չգալ,- ասացի ես որոշ ժամանակ առաջ։
Ու նա գնաց։
Հանգիստ կամ անհանգիստ։ Սրտի զարկերով։ Կամ անզարկ գուցե։ Իմ ականջները քնում են գիշերը։ Ես առավոտյան արթնանում եմ ու խոսում նրա հետ։ Իսկ նա՝ իմ։ Հաստատ։ Կխոսեր։
— Վերջապես։
— Դու։
— Է՞լ։
— Մահացա՞ր։
— Մի՞թե։ Կարելի է շնորհավորե՞լ։
— Վերջացրու լռելը,— գոռում եմ ես կատվի վրա ու հիշում եմ, որ կատու չունեմ։
Արդեն..........Մի՞թե ունեցել եմ։
Ընդհանրապես ես հանգիստ մարդ եմ ու չեմ սիրում գոռալ։ Ավելին, այնքան ցածր եմ խոսում, որ սովորաբար ինձ խնդրում են ավելի բարձր խոսել կամ ավելի մոտ նստել։ Նայած թե ով ինչպիսի վերաբերմունք ունի։ Շոգի նկատմամբ։ «Վաղը ծաղիկներ գնելու օրն է»,- մտածում եմ ես ամեն հինգշաբթի առավոտյան ժամը 10-ին, երբ թեյնիկն արդեն եռացած է լինում։ Կատվին սովորաբար կաթ եմ տալիս։ Առանձնապես երբ նա կաթի տրամադրություն ընդհանրապես չունի։ Օրինակ՝ գալիս եմ աշխատանքից, հոգնած, գուցե նաեւ ջարդված, մտածում եմ, որ տանը հաստատ ինձ է սպասել, մլավել է ծաղիկների վրա ու նայել է երկնքին։ Պետք է կաթ տալ խեղճին։ Իսկ նա կաթի տրամադրություն չունի։
— Լավ, ինչի՞ տրամադրություն ունես,- փորձում եմ հասկանալ նրան։
Հենց այդ պատճառով էլ տանել չեմ կարողանում կատվի աչքերը, որովհետեւ նրանցում երբեք տրամադրություն չկա։ իտեմ, որ կատուները երբեմն նեղանում են տերերից եւ կորում-գնում։ Ամեն օր հույս ունեմ, որ դա այդ օրն է։ Որ կատուն վերջապես նեղացել է ինձնից։ Բայց նեղանում են նրանցից, ովքեր ինչ-որ նշանակություն ունեն իրենց համար, ինչպե՞ս նեղանալ մեկից, որի նկատմամբ վերաբերմունք չունես։ Կասկածում եմ, որ կատուս չի սնվում։ Երեւի գտել է ինձնից բոլորովին անկախ եւ միեւնույն ժամանակ իմ հետ ապրելու մի կատարյալ ձեւ։ Ես հոգնում եմ կատվին հասկանալուց։
— Քո վերջն էլ կգա,- քրթմնջում եմ ես։
— Վաղը գնում ենք զբոսնելու,- հայտարարեց նա ինձ։
Անձամբ ես զարմանում եմ, թե ինչ կարիք կա նախօրոք ծրագրավորել այնպիսի մի բան, ինչպիսին զբոսնելն է, բայց դե ըստ նրա հոգեբանական գիտելիքների, պետք է վաղօրոք հոգեբանորեն տրամադրվել։ Փաստորեն այսօր տրամադրվելու օրն է։ Ես նրան մեկ-մեկ շատ եմ սիրում։ Երբ գնում եմ փողոցով, սիրտս պայթում է շոգից ու օդը չի հերիքում ոչ իսկ մի կում անելու համար կամ փողոցը լիքն է մեքենաներով, որոնք իրար հերթ չեն տալիս, էլ ուր մնաց՝ քեզ։ Կամ երբ հանկարծ քամին խփում է դեմքիս իր հոգնատանջ-արեւաշունչ բուրմունքով, ու մազերս շուրջպար են բռնում ճակատիս, ականջներիս, ավելի համարձակներն էլ՝ շուրթերիս։ Ես սիրում եմ քեզ, երբ գնում եմ թեյ խմելու ու զգում եմ, որ թեյը տաք է, լիքն է ու լցվում է ներսս, երբ գլուխս հանգում է շուրջօրյա աղմուկից, ու շատրվաններից հին ջրի հոտ է գալիս։ Ես սիրում եմ լեռների հետ մի ճամփով գնալը ու քո մասին մտածելը։ Թեկուզ եւ այսօր։ Ես սիրում եմ քեզ թեկուզ վաղը, կամ երեկ։ Ու հինգ տարի առաջ կամ հետո։ Ես սիրում եմ քեզ որովհետեւ ես զգում եմ քեզ։ Դժվար է ասել՝ ես սիրում եմ քե՞զ, թե՞ ինձ։ Դժվար է ասել՝ իսկ գուցե դու ե՞ս ես։ Ես հոգնում եմ քո մասին մտածելուց։
— Դու անգիր չգիտես այբուբենը, դու կիսատ մարդ ես,— ինչ-որ առակ էր պատմում մեկը մյուսին, իսկ ես լսում էի թե մեկին, թե մյուսին։
Մյուսը այնպես էր կախել գլուխը......................................................... Նա երեւի քնել էր։ Ես ուզում եմ, որ նա քնած լինի։ Ուրեմն նա քնած է։ Ասենք, մեկն էլ ասում է՝ դու անգիր չգիտես այբուբենը, դու կիսատ մարդ ես, իսկ մյուսը թեքվում է նրա ուսին ու ավելի հարմար տեղավորվում. երկար է քնելու։ Մեկը շարունակում է խոսել, որովհետեւ նա միշտ էլ քնի մեջ խոսելու սովորություն է ունեցել։ Մեկ-մեկ էլ երգում է քնի մեջ, օրինակ՝ քելե լաո.......... Չէ, դա չի երգում, համենայն դեպս, ես չեմ լսել։
— Հանգիստ թող կատվին,— ասում է նա ինձ,— դու հո այնպես չե՞ս անելու, որ նա գնա։
Կատուն նրան սովորաբար սիրում է։ Չեմ հասկանում՝ ինչու։
— Իսկ որտե՞ղ ենք զբոսնելու,— հարցնում եմ ես նրան մի բան հարցրած լինելու համար՝ մոռանալով ժպտալ։
Նա հարմար չի գտնում ինձ պատասխանել։ Հաստատ մտածում է, որ ես բարեհամբույր չեմ իր հետ։ Երեւի դրա համար էլ չի պատասխանում։ Ես ուզում եմ դուրս գալ պատշգամբ։ Մեր մոտ ընդունված չէ պատշգամբ դուրս գալ, որովհետեւ այնտեղ անելու բան համարյա չկա։ Հետո էլ կատուն շատ է սիրում պատշգամբը։ Կասկածում եմ, որ մեկ-մեկ փորձում է բռնել բազիրքին նստող ճնճղուկներին; Ես կատվից չեմ նեղանում, չնայած չեմ կարծում որ պատշգամբում ամենալավ զբաղմունքը ճնճղուկ բռնելն է։ Նա նույնպես համարյա դուրս չի գալիս պատշգամբ եւ այդպես ինձ ավելի հանգիստ է։
— Դու շատ անհեթեթ մտքեր ունես,- ասում է նա ինձ։
Ես ոչինչ չեմ ասում։ Երբեմն այնպես է թվում, որ ես խոսելու ունակություն չունեմ։ Ի վերջո, գուցե իսկապես այբուբենն էլ չգիտեմ։
— Պատմիր ինձ վաղվա մասին,— ժպտում եմ ես։
Նրա աչքերից զգում եմ, որ տրամադրությունը սկսում է բացվել։ Չէ, բարձրանալ։ Աշխատում եմ ուշադրություն չդարձնել։ Հիմա կասի, որ վաղը աշխարհը բարի է լինելու ու ես ու ինքը կում ենք անելու այդ բարությունից, ես էլ ինձ հազիվ եմ զսպելու, որ չասեմ, թե կատվին մոռացավ։ Ես իսկապես շատ եմ նրան սիրում։ Բայց այդքա՞ն շատ։
— Դու գնալու ես հեռու,— լսեցի երեկ ես ինչ-որ մեկի, չէ ինչ-որ մեկի խոսակցության պատառիկը։
Դու լցվելու ես առուն,— անցավ մտքովս ու ես ուրախացա, որ բանաստեղծություններ գրելու հակումներ չունեմ։ Երբեմն աշխարհդ քեզ լքում է հենց գետի ափին ու դու չես կարողանում նայել ոչ իսկ ջրերին։ Անաշխարհ ես ու անմիտք։ Աներազանք ու անցավոր։
— Վերջում էլ բառեր ես հնարում,— կշտամբում է նա ինձ։
Չեմ հիշում՝ ինչ ասացի, երեւի որ հաճելիագույն տրտմաերազանք կա օդում։ Նա տանել չի կարողանում իմ չիմացած բառերը։ Ես գիտեմ, բայց մեկ-մեկ զգում եմ դրանք ավելի ուժեղ, քան պետք է լռելու համար։
— Ես քո պաղպաղակը թողել եմ սառնարանում, որ չհալվի,- ասում եմ ես դուրս գալուց։
Նա երեւի փնչացնում է։ Չէ, փնչացնելու տրամադրություն չունի։ Երեւի քնած է։
— Դու փնչացնելու-փչացնելու տրամադրություն ունես,— հրաժեշտին ասում եմ կատվին, որը միշտ հասկանում է, որ ես ոչ թե իր հետ եմ խոսում, այլ նրա, դրա համար էլ երբեք չի պատասխանում։ Ուրիշի փոխարեն։
Թերթերը հին են, ուրեմն դրանք կարդալ պետք չի։ Պետք է դրանք...... պատռել։ Թերթերը պետք է պատռել։ Չէ։ Պետք է դրանք չհնացնել։ Ասենք՝ ամեն օր արթնանալ, վերցնել թերթը ու կարդալ՝ առանց ամսաթվերին նայելու։ Օրինակ՝ պայթյուն է եղել եւ 16 մարդ զոհվել է։ Ի՞նչ տարբերություն՝ երբ։ Կարեւորը՝ 16 մարդ զոհվել է։ Ու ամեն օր կարդալ այդ լուրը նորից նշանակում է ամեն օր վերապրել այդ իրադարձությունը։ Այսինքն՝ ամեն օր տեղի է ունենում այդ չարաբաստիկ պայթյունը եւ 16 մարդ զոհվում է։ Կարո՞ղ ես լացել ամեն օր 16 մարդու համար, որոնք ամեն օր նորից մահանում են։ Կարծեմ արդեն դրսում էի, ուստի ոչ մեկին չկարողացա հարցնել այս մասին։ Բայց ոչ մեկը ինձ լավ պատասխան տվեց։ Նա աղմկում էր իր ու իմ համար։ Ես մտածեցի, որ մարդիկ հին թերթեը չեն կարդում։ Նրանք դրանք դնում են մի կողմ։ Մարդիկ սովորաբար աղմկում են։ Աղմուկի մեջ պայթյունը համարյա չի լսվի։ Այս բազմության մեջ էլ 16 հոգին չեն երեւա։ Իսկ ես մի հոգի եմ, նա էլ է մի հոգի,, այն մեկն էլ, մյուսն էլ, նույնիսկ այն մյուսն էլ։ 16 հոգին 16 մյուս են, այն մեկն են, նա է, ես եմ ու մենք ենք։ Ամեն օր մահանում ենք պայթյունից։ Ամեն դեպքում ես ավելի հանգիստ եմ զգում, որ նա պատշգամբ դուրս գալու սովորություն չունի։
— Դու այսօր գեղեցիկ ես,— ասաց նա մի օր ինձ։
Ես ժպտացի :-) Ես գեղեցիկ ժպիտ ունեմ, երբ ժպտում եմ։ Կատուն այդտեղ չէր։
— Դու կգաս իմ հետ,— վստահեցրեց նա ինձ։
Չգիտեմ՝ ինչու հավատացի նրան։ Բայց ամեն ինչ փոխվեց, որովհետեւ ես հավատացի նրան։ Երեւի այդ ժամանակ սկսեցի սիրել նրան։ Ես կաթնամթերք չեմ սիրում։ Երեւի կատուն դա էլ գիտի, դրա համար էլ չի խմում իմ գնած կաթը։ Իբր՝ դու ինչ կաթ գնող ես։
— Վեր կաց, արթնացրեց նա ինձ գիշերը,— գնում ենք զբոսնելու։
Ես չառարկեցի, որովհետեւ չգիտեի՝ ինչ է լինելու։ Նա ասաց, որ չաղմկեմ, որպեսզի կատուն չարթնանա։ Անհեթեթ միտք։ Կարծեմ, նա չասաց էլ այդ մասին։ Հաստատ, նրա մտքերը այդքան անհեթեթ չեն լինում։ Այն էլ գիշերը։
— Ես գրել եմ,— ասաց նա ինձ դրսում, մթան մեջ, անքամի-անանձրեւ-անաստղ մթության մեջ։
Ես գրկեցի նրան։ Նա ինձ չառարկեց։
— Երբեք այսքան դատարկ չեմ եղել,— հառաչեց նա,— դու գիտես իմ մտքերը, երբ դրանք կան ու անմտքությունս, երբ դրանք չկան։ Ես ոչ թե անմիտք եմ, այլ դատարկ։ Ուրեմն լավ եմ գրել, ուրեմն.................................................................շատ լավ եմ գրել։ Ուրեմն պիտի կարդամ քո համար։
Ես կարոտեցի նրան։
Ես անդնդում եմ
որոնել եմ քեզ
գիշեր եմ տեսել
լսել եմ աշուն
ոչինչ չեմ տվել
կորցրել եմ տունս
Ես անդնդում եմ
Ես գտել եմ քեզ
Ես տուն չեմ ուզում
Ուզում եմ այստեղ
Հենց այս անդնդում
ապրել
Ու քո հետ գիշերը տեսնել
աշունը լսել
վաղվա հառաչում
քեզ քամի դարձնել
ու վարդի թերթեր
շնչել քո բույրը
լցվել քեզանով............................................
լսու՞մ ես դու ինձ
ես սիրում եմ քեզ..........................................................................
— Մի փակիր պատշգամբի դուռը,— ասաց նա ինձ այդ գիշեր,— շոգ է, թող բաց մնա։
Ես չառարկեցի։ Ես չեմ շոգում, բայց չեմ էլ մրսում։ Ես պիտի գնայի դուրս։ Ես ընդհանրապես աշխատում եմ, հետեւաբար գնում եմ աշխատանքի։ Երբ ժամանակ եմ ունենում, նաեւ աշխատանք եմ անում։ Մտավոր։ Այսինքն մտածում եմ։ Փորձում եմ չգրել, որովհետեւ պաշտոնական փաստաթղթերը չի կարելի գրել......................... դրանք պետք է հավաքել։ Նա մնում է տանը։ Կատուն գնում է պատշգամբ։ Նա գնում է կատվի հետեւից։ Չէ, սովորաբար չի գնում, մինչեւ կատուն ինչ-որ ճնճղուկի հոգին չի սկսում ուտել։ Սկզբում՝ հոգին, հետո։ Չէ, նա տրամադրություն չունի։ Ես չգիտեմ՝ ինչու է նա գնացել պատշգամբ ու նստել այնտեղ մի քանի րոպե։ Ես չգիտեմ՝ ինչու է կատուն դուրս եկել տնից ու այլեւս չի եկել։ Ես չգիտեմ՝ ինչու եմ ես թողել ամեն ինչ ու աշխատել։ Ես չգիտեմ՝ ինչու եմ այդ երեկո կաթ ու շոկոլադ գնել ու գնացել հետ։ Ես չգիտեմ՝ ինչու այդ հետ-ը չկար։
Մենք զբոսնում ենք գիշերը, հետո արթնանում ենք առավոտյան։ Եվ ես խոսում եմ նրա հետ։ Նա էլ իմ։ Կխոսեր։ Հաստատ։
— Վերջապես դու էլ մահացար,— ասում է նա ինձ, երբ ես գնում եմ թեյնիկը միացնելու։
— Վերջ տուր լռելուդ,— գոռում եմ ես կատվի վրա եւ որպեսզի նա չմտածի, որ ես կատու չեմ սիրում, կանչում եմ նրան,- ուղղակի չեմ սիրում, որ կատուները իրենց տեղը չեն ճանաչում։
Նա չի փնչացնում։ Նա փնչացնելու տրամադրություն չունի եւ ինձ ճանաչում է։ Ես նրան սիրում եմ, որովհետեւ ես մահացել եմ։ Գիտե՞ս։
Պատրաստել են |
![]() |
![]() |
Տեքստը տրամադրել
է՝ Ժաննա Անդրեասյանը։ |
Տես նաև |
![]() |
![]() |