Գրական ՍրճարանArmenianHouse.org

Գայանե Ոպյան

Թարգմանություններ Անտուան դ’ Սենտ-Էքզյուպերիի խրատական առակներից

- Ա - /222/

Բարեկամը նա է, ով չի դատում։ Ես այդ մասին քեզ արդեն ասել եմ, բարեկամը նա է, ով իր դուռը բացում է թափառականի, նրա հենակի և անկյունում դրված նրա ձեռնափայտի առջև ու չի խնդրում պարել, որ հետո դատի նրա պարը։ Եվ եթե թափառականը պատմում է, որ հեռավոր երկրում ճանապարհներին ծաղկում է գարունը, բարեկամը նա է, ով իր տանը թափառականի հետ միասին ընդունում է գարունը։ Եթե հյուրը պատմում է այն գյուղի վրա թափված սովի սարսափների մասին, որտեղից նա ճանապարհ է ընկել, բարեկամը նրա հետ միասին տանջվում է սովից։ Քանի որ, քեզ այդ մասին ես արդեն ասել եմ, բարեկամը մարդու մեջ այն մասն է, որ միշտ քո կողմից է, և բարեկամը քո առջև բացում է այն դուռը, որ երբեք չէր բացի մեկ ուրիշի առջև։ Եվ քո բարեկամը իսկական է, ու այն ամենը, ինչ նա ասում է, ճշմարտություն է, նա քեզ սիրում է նույնիսկ այն դեպքում, երբ ուրիշ տանը նա քեզ ատում է։ Եկեղեցում իմ բարեկամը նա է, ում հետ, աստծո ողորմածությամբ, ես հանդիպում եմ, այդ նա է, ով դեպի ինձ այն դեմքն է ուղղում, ինչպիսին որ իմն է՝ նույն Աստծով լուսավորված, այսպիսով մեր միությունը կայացել է, նույնիսկ եթե եկեղեցու պատերից այն կողմ նա վաճառական է, իսկ ես նավապետ, նա այգեգործ է, իսկ ես՝ ծովագնաց։ Չնայած մեզ բաժանող պատնեշներին, ես գտել եմ նրան, և նրա բարեկամն եմ։ Նրա կողքին ես կարող եմ լռել և ամենևին չվախենալ իմ ներքին այգիների, իմ լեռների, իմ ձորակների, իմ անապատների համար, գիտեմ որ երբեք նա չի տրորի դրանք։ Այն, որ բարեկամս լինելով, դու սիրո հետ միասին ինձնից ստանում ես, կարծես իմ ներքին թագավորության դեսպանը լինի։ Եվ դու նրան քնքշորեն ընդունում ես, նստեցնում ու լսում ես նրա խոսքը։ Եվ մենք քեզ հետ երջանիկ ենք։ Մի՞թե դու երբևէ տեսել ես, որ ես, ընդունելով դեսպաններին, նրանց վրա ուշադրություն չդարձնեմ կամ որևէ բանում մերժեմ միայն նրա համար, որ իմ տիրությունից հազարավոր օրեր տևող ճանապարհի ծայրին գտնվող նրանց հեռավոր թագավորության խորքում մարդիկ սնվում են կերակուրներով, որոնք իմ ճաշակով չեն, կամ էլ նրանց և իմ սովորույթները նման չեն միմյանց։ Բարեկամությունը ոգու հանգստությունն ու վեհ ճախրանքն է մանրուքների ոչնչության վրայով։ Եվ ես չեմ կարող նախատել իմ սեղանի շուրջը նստած մարդուն։ Այնպես որ, իմացի՛ր, որ հյուրընկալությունը, հարգալից վերաբերմունքն ու բարեկամությունը մարդու հայտնագործումն են մարդու մեջ։ Ինչ՞ ունեմ ես անելու աստծո տաճարում, որը հանկարծ սկսի տնտղել իրեն հավատացող և խոնարհվելու եկող մարդկանց հասակի կամ էլ գիրության մանրամասները։ Ինչ՞ ունեմ ես անելու բարեկամի տանը, եթե նա չցանկանալով հաշվի առնել իմ հենակները, հանկարծ ստիպի ինձ պարել, դատելու համար, թե ինչի՞ եմ ես ընդունակ։

Աշխարհում դու այդպիսի շատ դատավորների կհանդիպես։ Եթե խոսք է գնում այն մասին, որ դու ուրիշ՝ ավելի կոպիտ մարդ դառնաս, թո՛ղ այդ գործը թշնամիներին։ Նրանք մայրի քանդակող հողմի նման հաճույքով կվերցնեն այդ իրենց վրա։ Քո բարեկամը ստեղծված է քեզ ընդունելու համար։ Եվ եթե եկեղեցի ես գալիս Աստծու մոտ, նա չի դատում քեզ, նա քեզ ընդունում է։


- Բ - /225/

Աղոթք միայնության...

«Գթա ինձ, տե՛ր Աստված, քանզի միայնությունն ինձ տանջում է։ Ոչ մի բանի ես չեմ սպասում։ Այս սենյակում, որտեղ ես գտնվում եմ, ոչինչ ինձ ոչ մի բանի մասին չի կարող ասել։ Բայց և այնպես, որևէ մեկի ներկայությանը ես չեմ տենչում, որովհետև ավելի եմ ինձ կորցնում, երբ սուզվում եմ ամբոխի մեջ։ Բայց այն կինը, որը նույնպես միայնակ նստել է իր սենյակում, այնուամենայնիվ, իրեն լիովին բավարարված է զգում, եթե նրանք, ում նկատմամբ նա լի է քնքշությամբ, ապրում են մոտակայքում, նույն շենքում։ Կինը նրանց չի լսում, չի տեսնում։ Եվ այդ պահին նրանցից որևէ լուր չի ստանում։ Երջանիկ լինելու համար նրան բավական է իմանալ, որ շենքը բնակեցված է։

Տեր Աստված, ես նույնպես տեսանելի կամ լսելի որևէ բան չեմ խնդրում քեզանից։ Քո հրաշքները մեր հինգ զգայարանների համար չեն։ Ինձ բուժելու համար քեզ բավական է միայն լուսավորել իմ գիտակցությունը կացարանիս վերաբերյալ։

Անապատում թափառականը, եթե նա, օ՜, տե՛ր Աստված, գիտակցել է իր ներկայությունը բնակելի շենքում, անասելի ուրախանում է, չնայած գիտի, որ այդ շենքն աշխարհի ծայրին է գտնվում։ Ոչ մի հեռավորություն չի կարող խանգարել նրան սնվելու այդ հյութերով, և եթե նա մեռնում է` մեռնում է սիրով խանդավառված... Այնպես որ, ես նույնիսկ չեմ խնդրում քեզ, տե՛ր Աստված, որ իմ կացարանը մոտակայքում լինի։

Եթե անցորդը հանկարծ զմայլվում է ամբոխի միջից իր առջև ցոլացող գեղեցիկ դեմքով՝ նա կերպարանափոխվում է, եթե նույնիսկ այդ դեմքը նա երբեք այլևս չի տեսնելու։ Այդպես է նաև զինվորը, որ սիրահարված է թագուհուն։ Այդ օրվանից նա թագուհու զինվորն է։ Այնպես որ, ես նույնիսկ քեզ չեմ խնդրում, տե՛ր Աստված, որ այդ կացարանն ինձ խոստացված լինի։

Ծովային տարածություններում հանդիպում են վեհ ճակատագրերի տեր մարդիկ՝ իրենց նվիրաբերած գոյություն չունեցող կղզու։ Իրենց նավի վրա գեղեցիկ կղզու պատվին նրանք հիմն են երգում և երջանիկ են դրանով։ Կղզին չէ նրանց ուրախությամբ լցնում, այլ հիմնը։ Այնպես որ, ես նույնիսկ չեմ խնդրում, տե՛ր Աստված, որ այդ կացարանն ընդհանրապես գոյություն ունենա...

Միայնությունը, տե՛ր Աստված, միայն ուժասպառ ոգու պտուղն է։ Ոգու հայրենիքը միայն մի տեղ է՝ և այն իրերի իմաստն է։ Այնպես, ինչպես եկեղեցին իմաստն է քարերի։ Ոգու թևերը պիտանի են թռիչքի միայն այս տարածությունում։ Մարդուն ոչ թե առարկաները, այլ այն միակ դեմքն է ուրախացնում, որը նա կարողանում է կարդալ առարկաների արանքով և որն իրենց միացնում-կապում է՝ դարձնելով միասնական ամբողջություն։ Այնպե՛ս արա, տե՛ր Աստված, որ ես սովորեմ կարդալ։

Եվ այդ ժամանակ իմ միայնությանը վերջ կտրվի։


- Գ - /226/

Ես բանաստեղծություն գրեցի։ Ինձ մնաց նրա մեջ ուղղումներ մտցնել։

Հայրս բարկացավ։

«Սկզբում դու բանաստեղծություն ես գրում, իսկ հետո սկսում ես այն ուղղել։ Չէ՞ որ գրելը հենց ուղղել է նշանակում։ Քանդակելը՝ նույնպես։ Դու տեսե՞լ ես, թե ինչպես է քանդակագործը կավը տրորում։ Ուղղումից ուղղում կավից դեմք է գոյանում, և հենց ամենաառաջին հպումը կավի ուղղում էր։ Երբ ես անապատում քաղաք եմ հիմնադրում, ուղղում եմ մտցնում ավազի մեջ։ Հետո ուղղում եմ իմ քաղաքը։ Եվ ուղղումից ուղղում ես քայլում եմ դեպի Աստված»։


- Դ - /207/

Ես ինձ մոտ հրավիրեցի ուսուցիչների և ասացի նրանց.

«Ձեր պարտականությունների մեջ չի մտնում փոքրիկ մարդուկների մեջ սպանել մարդուն կամ վերածել նրանց միայն մրջնանոցում ապրելու ընդունակ մրջյունների։ Քանի որ ինձ համար բացարձակապես կարևոր չէ, թե լիքը կամ ոչ լիքն է լցված մարդը տեղեկություններով։ Ինձ համար կարևոր է նրա մարդ լինելը։ Ես չեմ հարցնում այն մասին, թե երջանի՞կ կլինի մարդը կամ ոչ, այլ այն մասին, թե ինչպիսի՞ մարդը կլինի երջանիկ։ Եվ ինձ քիչ է մտահոգում, թե արդյոք լիության մե՞ջ են ապրում նստակյաց ցեղերը՝ հագեցած, ինչպես անասունը գոմում։

Դուք պետք է մարդկանց լցնեք ոչ թե դատարկ սահմանումներով, այլ ամեն տեսակի սխեմաներ վանող պատկերներով։

Դուք չպետք է բեռնեք նրանց մեռած գիտելիքներով, այլ հասկանալուն օգնող ձևը կոփեք։

Դուք չպետք է դատեք նրանց ընդունակությունների մասին՝ ելնելով միայն նրանց երևացող հակումներից այս կամ այն զբաղմունքի նկատմամբ։ Քանզի մյուսներից առաջ է անցնում և հաջողության հասնում միայն նա, ով համառորեն աշխատել է հակառակ իր հակումներին։ Եվ ամենից առաջ հաշվի առեք սերը։

Ձեզ պետք է մտահոգի ոչ թե հմտությունների ձեռք բերումը, այլ մարդու ստեղծումը՝ որ փայտ տաշող ձեր աշակերտը լցվի պատվի ու հավատարմության ոգով, և այդ դեպքում նա փայտն անհամեմատ լավ կտաշի։ Դուք պետք է երեխային հարգել սովորեցնեք, քանի որ հեգնանքը անկիրթների սփոփանքն է ու անձերի մոռացության մատնումը։

Դուք պետք է մարդկանց և նյութական բարիքների կապին խոչընդոտեք։ Եվ փոքրիկ մարդու մեջ մարդ դաստիարակեք՝ ընտելացնելով նրան հոգևոր արժեքների փոխանակությանը, քանի որ այդպիսի փոխանակությունից դուրս միայն հոգու չորություն է։

Դուք պետք է խորհել և աղոթել սովորեցնեք, քանի որ հոգին վսեմանում է դրանցից։ Եվ հոգիները սիրելու վարժեցրեք։ Չէ՞ որ ոչինչ չի փոխարինի նրան։ Սերն ինքն իրեն նկատմամբ հակադրությունն է սիրո։
Դուք պետք է խստորեն դատեք մատնությունն ու կեղծիքը, չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե դրանք ի օգուտ մարդու են և նույնիսկ ի օգուտ քաղաքի։ Բայց միմիայն հավատարմությունն է կերտում հոգով ուժեղներին։ Մարդ չի կարող մի դեպքում հավատարիմ լինել, իսկ մյուս դեպքում՝ ոչ։ Նա, ով իսկապես հավատարիմ է, հավատարիմ է միշտ և ամենուրեք։ Չի կարելի հավատարիմ համարել նրան, ով դավաճանում է աշխատանքային ընկերոջը։ Ես ամուր քաղաքի կարիքը չունեմ, և մարդկանց բարոյալքումը այդպիսի ամրության հիմք չի կարող ծառայել։

Դուք պետք է ճաշակ զարգացնեք դեպի կատարյալը, քանի որ յուրաքանչյուր գործ մոտեցում է Աստծուն, և այս գործընթացն իր ավարտը կարող է միայն մահվան մեջ գտնել։

Դուք չպետք է լիակատար ներում և գթասրտություն սովորեցնեք։ Քանի որ այս արժանիքները կարող են աղավաղված հասկացվել և չարիքի ու վնասի երկրպագությանն արժանանալ։ Բայց դուք պետք է յուրաքանչյուրը յուրաքանչյուրի հետ համագործակցության միջոցով բոլորը բոլորի հետ զարմանալի համագործակցություն սովորեցնեք։ Եվ այդ ժամանակ վիրաբույժն անապատի մի կողմից մյուսը կշտապի՝ շարքային սևագործ բանվորի ծունկը տեղը գցելու։ Քանի որ և՛ նա, և՛ մյուսը հավասարապես նույն կառքի կառապաններ են։

Պատրաստել են

Տրամադրել է՝ Գայանե Ոպյան։

Հեղինակային իրավունքները՝ Գայանե Ոպյան։
Հրատարակված է հեղինակի թույլտվությամբ։ Առանց հեղինակի թույլտվության հեղինակի աշխատանքների արտատպումը կամ ցանկացած այլ օգտագործումը արգելվում է։

Տես նաև

Страничка Гаяне Вопян на русском
Gayane Vopyan's page in English

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.   Legal Notice