Սարգիս Ղանթարջյան
Ծնվել է 1939 թ. Երևանում: 1961 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական
ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:
1966 թ. ԽՍՀՄ ԳԱ սիբիրյան մասնաճյուղի տնտեսագիտության և արդյունաբերական
արտադրության կազմակերպման ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական
ատենախոսությունը, իսկ 1980 թ. նրան շնորհվել է տնտեսագիտության դոկտորի
գիտական աստիճան:
1966-1975 թթ. աշխատել է պոլիմերների արտադրության համամիութենական
գիտահետազոտական և նախագծային ինստիտուտում, որպես տեխնիկա-տնտեսագիտական
հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, 1975-1977 թթ. եղել է Երևանի
ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Տնտեսագիտական կիբեռնետիկայի»
ֆակուլտետի դեկան:
1977 թ. նշանակվել է ՀՀ նախարարների խորհրդի նախագահի օգնական: 1983-1992
թթ. հանդիսացել է ՀՀ կառավարության բնապահպանության բաժնի վարիչ: 1992
թ.-ից եղել է ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պետ,
իսկ 2003 թ.-ից Երևանի պետական համալսարանի «Գործավարության և մենեջմենտի»
ամբիոնի վարիչն է:
1996-1998 թթ. և 2000-2003 թթ. հանդես է եկել որպես Եվրասիական Արտոնագրային
կազմակերպության /Մոսկվա/ վարչական խորհրդի նախագահի տեղակալ: 1997-1999
թթ. եղել է Մադրիդյան Խորհրդի Կազմակերպության փոխնախագահ /Ժնեվ/,
իսկ 1999-2001 թթ.` Փարիզյան Խորհրդի Կազմակերպության փոխնախախագահ
/Ժնեվ/:
1999 թ.-ից Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս է:
Սարգիս Լևոնի Ղանթարջյանը հեղինակ է ավելի քան հարյուր գիտական աշխատությունների,
այդ թվում նաև քիմիական տեխնոլոգիայի տիպային գործընթացների տնտեսագիտության
բնագավառում` երեք մենագրությունների և հինգ թեմատիկ ակնարկների: Հանրապետական
մամուլում ունի ավելի քան քսան հրատարակումներ, որոնք վերաբերում են
մտավոր սեփականության պահպանման և գնահատման խնդիրներին:
Տես Սարգիս Ղանթարջյանի արձակ ստեղծագործությունները
ռուսերեն բաժնում։ |