Գրական ՍրճարանArmenianHouse.org

Սառա Մարգարյան

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2000-2001


1. Կենդանի ստվերներ
2. Ի՞նչ է սերը...
3. Չունենամ, և վերջ...
4. Գողացա քեզանից քեզ...
5. Բացվում են ձեռքերի ափերը...
6. Մութ է, մութ է վերմակիս տակ...
7. Ինչի՞ց ես վախենում...
8. Եվ ես էլի կգնամ...
9. Նստած էինք երկուսով, երկուսս էլ հոգնած...
10. Երկու ստվեր...
11. Ե՞րբ են ծաղկում աստղերը...
12. Դու արթնացար...
13. Երանի թե ծիծաղայիր...
14. Այս օրն էլ կանցնի...
15. Կարոտս թողած, քեզ եմ հանգստացնում...
16. Քեզ եմ նվիրում...
17. Իմ մութ գիշերներում քեզ համար...


1. ԿԵՆԴԱՆԻ ՍՏՎԵՐՆԵՐ

Ամեն անգամ գալիս և քո ստվերով ծածկում ես հորիզոնս, ես էլ կորցնում եմ ճանապարհս և սպասում, երբ իրիկվա լուսինը կօգնի ինձ դուրս գալ քո ստվերի ետեվից և վերադառնալ տուն: Իսկ տանը…տանը ինձ սպասում են գրքերս, կանգնած ժամացույցը, փոշին, որը երեք շերտով հանգիստ իր համար պառկել է սեղանիս, չի վախենում, որ կմաքրեմ, կվերացնեմ…տանը ինձ սպասում են ամենօրյա պարտականություններն, որոնք չեմ շտապում կատարել, որովհետև հոգնած եմ:
Կգա՞ս այսօր, թե այս երեկոն նույնպես կանցկացնեմ գրքերով շրջապատված, ինչպես մի խխունջի մեջ, որը շոյում են ծովի ալիքները:

Դա քամին է, սառը քամին, սակայն չեմ կարող վեր կենալ բազմոցիցս, որ փակեմ պատուհանը, շատ հոգնած եմ, իսկ քամին շարունակում է կծել, խայթել, և ո՞վ է իմ բժիշկը:

Կիթառը կախված է նույն պատից, փոշոտ, կարոտած քո մատներին. վերցնում եմ այն, դնում գոգս և նվագում իմ միայնակության երգը, մի երգ, որը չունի երաժշտություն, մի քանի նոտա, և մատներս փոշոտ՝ կախում եմ կիթառը իր մշտական պատին, իր միայնակության գիրկը:

Փակում եմ պատուհանը, և քամին դադարում է. սպանում եմ մի մեծ ցանկություն՝ զբոսնել օդի անտեսանելի ճանապարհով, աստղերը դիտել անկման ամենացածր աստիճանից:

Եվ քնում եմ…քնում, հուսալով, որ առավոտն բարի կլինի:

2000, հունիս

 

2.

Ի՞նչ է սերը:

Այն է, երբ կա մի մարդ, որի հետ ձուլվելով, կդառնաս մեկ ամբողջ, և այն միտքը, որ զոհաբերում ես քո ինչ-որ մասնիկը, չի տանջի ինքնասիրությունդ:

Իսկ ի՞նչ է երջանկությունը…Դա այդ սիրո ակնկալիքն է, և իհարկե, ոչ ապարդյուն:

2000, օգոստոս

 

3.

…Եթե դու մի օր չլինես հանկարծ,
Ես փշրեմ պիտի իմ իսկ անունը
Եվ այլ աշխարհի
կարիք չունենամ…
Ալիսիա Կիրակոսյան

Չունենամ, և վերջ:
Չհասկանամ ոչինչ և չայրվեմ այլև
Ոչ մի կրակից, հրից, հայացքից,
Չհասկանամ, թե ինչ է շոյանքը,
Ում ձեռքերն են ապրում ինձ վրա,
Ում շրթերը, աչքերը…
Չեմ հասկանա և կոչնչանամ,
Պարզապես կդադարեմ գոյս:
Իսկ դու…
Դու այդ ժամանակ կփնտրես մի ստվեր,
Բայց ստվերների աշխարհում մութ է,
Չես գտնի…

2000,օգոստոս

 

4.

Գողացա քեզանից քեզ՝
Մտքերդ, ծիծաղդ, բարկությունդ,
Ձանձրույթը քո մութ գիշերների,
Երբ գիրքը ձեռքիդ՝ չէիր հասկանում
Ոչ մի միտք. ոչ մի բառ չէր արտահայտում իր իմաստը:

Գողացա, և վերջ:
Այժմ կարող ես ինձնից իսկ
Գողանալ դատարկությունս՝
Քեզ չես գնտի այն անդունդի մեջ,
Որ ոգի է կոչվում, կամ շունչ.
Կփչեմ՝ կթռչես, և կդառնաս մի երգ,
Որ երեկոյան քամին կշշնջա ականջիս:

2000, օգոստոս

 

5.

Բացվում են ձեռքերի ափերը,
Այդ ափերը՝ մեծ ծովի անեզր,
Սակայն քո աչքերում արտացոլվող ափերն են,
Որոնց մեջ հալված մոմի կաթիլները
Պնդանում, քարե արցունքներ են դառնում:
Բացվում են աչքերի կոպերը
Եվ…
Եվ եղիցի լույսը,
Ի՞նչ անեմ, երբ փակված են նրանք:

2000, օգոստոս

 

6.

Մութ է, մութ է վերմակիս տակ,
Երբ ես՝ սենյակի մթից փախնելով,
Մտնում եմ մի այլ մթան արքայություն.
Մի՞թե լուսինը այսօր էլ
Կծիծաղի ինձ վրա
Եվ ամպերի ետևից դուրս չի գա…

2000, օգոստոս

 

7.

Ինչի՞ց ես վախենում,
Երբ սեղմում ես ձեռքս,
Եվ ձեռքիդ դողը
Ինձ քնել չի տալիս:
Ինչի՞ց ես վախենում,
Երբ փակում ես պատուհանը
Օգոստոսի շոգ գիշերներին:
Ինչի՞ց ես վախենում,
Երբ հեռախոսի զանգերիս
Ժամերով չես պատասխանում…
Ումի՞ց ես փախչում
Քո միայնակության սենյակում,
Երբ ցերեկվա արևոտ ժամերին
Վառում ես բոլոր լույսերը:

2000, օգոստոս

 

8.

Եվ ես էլի կգնամ ոլոր-մոլոր ճանապարհներով, չեմ իմանա, որ կողմը ընտրեմ, և կմնամ շփոթված, աշնանային տերևների պես կզարդարեմ փողոցներն, կպտտվեմ օդի մեջ և կայրվեմ խարույկներում:
Ինչի՞ համար… Ո՞վ գիտի, թե ինչ կբերի ինձ ազատությունը, ես նույնիսկ կասեի, թե միայն հոգնածություն, ուժերի սպառում, միայնակություն: Գուցե ես հենց դրան էլ ձգտում եմ, չէ, ինչ եմ ասում, իհարկե ոչ, ինձ խաղ է պետք, խաղ: Եվ ամենևին պարտադիր չէ, որ ես դուրս գամ այդ խաղի հաղթողը:

2000, հոկտեմբեր

 

9.

Նստած էինք երկուսով, երկուսս էլ հոգնած՝ չեմ ասի՝ միմյանցից, բայց մեր հոգնածությունը հոգնեցնում էր մեզ ավելի շատ, քան որևէ աշխատանք, որևէ դժվարություն կամ պարզապես աշնան քամին: Դու սիրում ես արցունքներս, իսկ ես… ես չեմ կարող խոսել, կոկորդումս քարացել են բառերը և դարձրել ինձ համր՝ մի աշնան երեկո, որի հետ ձուլվելով, այլևս ինքս ինձ չեմ զգում:

2000, հոկտեմբեր

 

10.

Երկու ստվեր, և ոչ մի ձայն: Լուսինը կատվի նման շոյում է ծունկները ինչ-որ մեկի, ով սիրում է շոյվել կատվի, կամ լուսնի…կամ գուցե չի սիրում, պարզապես նմանվե՞լ է ուզում նրանց: Երկու ստվեր, ոչ մի շարժում: Սակայն զեփյուռը խաղաց, և ստվերները ձուլվեցին, միացան՝ իրար փաթաթվեցին ճյուղերը:

2000, հոկտեմբեր

 

11.

Ե՞րբ են ծաղկում աստղերը
Երբ գիշերը շատ մութ է լինում…
Բայց նաև առավոտվա լուսաբացին են ծաղկում աստղերը:

Ե՞րբ է իջնում խավարը
Երբ արևը մայր է մտնում…
Բայց նաև քո արցունքներն են բերում խավարը:

Ե՞րբ է մթնում հույսը
Հույսը չի մթնում, այն կամ կա,
Կամ էլ վերանում է,
Ինչպես վերանում են հոգնած ստվերները:

2000, հոկտեմբեր

 

12.

Դու արթնացար, և քո աչքերի հետ միասին բացվեց առավոտը, ինչպես մի նուրբ ծաղիկ, որը շատ շուտ է թառամում: Դու ժպտացիր, և այդ ծաղկի բուրմունքը տարածվեց ամբողջ աշխարհով, սակայն առաջինը այն զգացի ես: Եվ չկարողացա ինձ զսպել, քաղեցի այդ ծաղիկը, որպեսզի դրանում էլ լինեմ առաջինը:

2000, հոկտեմբեր

 

13.

Երանի թե ծիծաղայիր,
Եվ մոռանայիր, թե ինչ է պատիժը,
Եվ վարագույրով ծածկեի պատուհանս՝
Քո ժպիտը լուսավորեր սենյակս:

Երանի թե…
Սակայն մենք սպառվում ենք,
Երդումներ տալիս, հանդիպում և…
Ու՞ր ենք այդպես ձեռք ձեռքի գնում,
Չգիտեմ:

Ուզում եմ նետվել խոտերի,
Խոնավ և չոր տերևների մեջ,
Հանդիպում եմ խիստ հայացքիդ՝
Թարգիր, արդեն մեծ ես:
Եվ, գլուխս կախ, վերադառնում
Իրականության մոխրագույն ճահիճը,
Տխրում և հասկանում, որ պարզապես պարտավոր եմ…
Հավատարիմ մնալ:

2000, նոյեմբեր

 

14.

Այս օրն էլ կանցնի,
Այս երեկոն էլ, երբ մենք առաջին անգամ հասկացանք,
Թե որքան պետք ենք միմյանց:
Սակայն այն միտքը, որը կպահպանենք,
Օրվա, իրիկվա հետ չի անհետանա:

2000, դեկտեմբեր

 

15.

Կարոտս թողած, քեզ եմ հանգստացնում,
Սակայն դու էլի փնտրտուկների մեջ ես:
Իսկ ո՞վ քո փոխարեն կվերադառնա տուն,
Ո՞վ կփոխի կյանքի հնացած էջը:

Կարոտս թողած, քեզանով տարված,
Չեմ նկատում՝ օրերը անցնում են:
Շուտով կտեսնեմ ինքս ինձ ծերացած,
Լույսի շողքը հանգած՝ սպասում եմ:

Սպասում՝ քո տխրության ավարտին,
Քո վերադարձին դեպի այն ափերը,
Որոնք մի վաղ առավոտ լքեցիր,
Թողնելով այնտեղ լույսի աղոտ ստվերը:

2001, սեպտեմբեր

 

16.

Քեզ եմ նվիրում մտքերս,
Քեզ եմ նվիրվում:
Քեզ համար՝ տարերքս,
Քեզ՝ ամբողջ իմ սերը,
Քեզ՝ բոլոր երգերը,
Քեզ՝ իմ աղոթքները,
Եվ ամբողջ իմ կյանքը
Քեզ եմ պարգևում:
Դու եղիր իմ ստվերը,
Գիշերվա աստղերը,
Դու եղիր իմ հույսը,
Դու եղիր այն լույսը,
Որի հետ չմոլորվեմ անքուն,
Այլ գտնեմ իմ տունը:
Սփռիր քո սուրբ ներկայությունը
Իմ պարզ կյանքում:

2001, սեպտեմբեր

 

17.

Իմ մութ գիշերներում քեզ համար շատ տեղ կա, պարզապես դու չես գալիս, կամ էլ թաքնվում ես քնի մեջ՝ ես քեզ չեմ գտնում: Ես արդեն գիտեմ, որ միայնակությունն հետևելու է ինձ անդադար, ես նույնիսկ փորձում եմ սիրել նրան, սովորել իր ներկայությանը...իրոք, երկուսը՝ դա պարզապես հեքիաթ է, մեկը մոյւսի ստվեր հանդիսանալով՝ իրար են խաբում,փորձում ձևացնել մի անսահման երջանկություն...իսկ ի՞նչ է երջանկությունը, եթե ոչ ինքնախաբեություն:

Ոչ ժպտում ես, ոչ լաց լինում, չես խնայում քեզ և ինձ, չես վստահում սրտիս բաբախման արագությանը...

Էլ ի՞նչ ասեմ...

2001, սեպտեմբեր

 

Պատրաստել են

Տրամադրել է՝ Սառա Մարգարյանը։
Հեղինակային իրավունքները՝ © Սառա Մարգարյան։
Հրատարակված է հեղինակի թույլտվությամբ։ Առանց հեղինակի թույլտվության հեղինակի աշխատանքների արտատպումը կամ ցանկացած այլ օգտագործումը արգելվում է։

Տես նաև

Բանաստեղծություններ 2002-2003
Սառա Մարգարյանի բանաստեղծությունները ռուսերեն | անգլերեն

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.   Legal Notice