Գրական ՍրճարանArmenianHouse.org

Սառա Մարգարյան

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2002-2003


1. Ես չգիտեի...
2. Երկար, երկար քայլելուց հետո...
3. Վախենում եմ, որ կասես՝ արի...
4. Բացիր քո ներքին մարդու դուռը...
5. Երբ ուշանում էր անձրևը...
6. Հանգցրու լույսը, և կտեսնես...
7. Ուզում եմ տալ քեզ հոգուս...
8. Ախր եթե չսպանվեիք...
9. Բնակարանն եմ քո, Տեր Աստված...
10. Թուրք կոչվող եղբայրներ...
11. Քեզ, փոքրիդ մեջ...
12. Կարելի՞ է արդյոք հավատալ...
13. Մի դատապարտիր, Տեր...


1.

Ես չգիտեի,
Որ սերը այդքան ուժեղ է լինում,
Որ սիրող մարդը երբեմն մոռանում է,
Թե հրեշտակ չէ, այլ մահկանացու,
Թե աշխարհն ստեղծվեց շատ-շատ վաղուց,
Այլ ոչ այն պահին,
Երբ մեկ անձ հանդիպեց մյուսին,
Եվ զգացին, որ պտույտի մեջ
Կորցնում են ժամանակը,
Իրականությունը, և հանկարծ...

Հանկարծ կանգ են առնում,
Նայում իրար, ծիծաղում
Արբեցուցիչ երջանկության ակնկալիքով,
Եվ ի՞նչ կարևոր է, երբ ստեղծվեց աշխարհն,
Քանի որ այս երկուսը հանդիպեցին
Այս դարում, այս տարի, այս երկրի
Տվյալ քաղաքի փողոցի կետում՝
Էլ ինչ գուշակներ են պետք, ինչ երազներ
Եվ բախտ բացողներ,
Եթե կա երկնքում մի մեծ ձեռք,
Որի շարժումն երբեք չի սխալվում:

2002 հունվար

 

2.

Երկար, երկար քայլելուց հետո
Զգացի, որ հոգնել եմ.
Երկարեցի ձեռքս՝
Քո ձեռքի փափուկ շոյանքը ինձ ուժ տվեց:
Գնացի առաջ, բայց սայթաքեցի՝
Դու ոտքդ դրեցիր իմ առջև,
Որ նստեմ, հանգստանամ:
Վեր կացա, շարժվեցի դեպի արևը,
Այն սկսեց այրել՝
Դարձար ինձ համար աղբյուր,
Խմեցի քո սառը ջրից:
Ուր էլ գնայի՝ կորչում, սայթաքում, ընկնում էի՝
Դու էիր հայտնվում անտեսանելի,
Բայց այնպես զգայուն,
Որ չէի կարող չհավատալ քեզ, Աստված:

2002 հունվար

 

3.

Վախենում եմ, որ կասես՝ արի,
և կգամ:
Իսկ որ գամ, ի՞նչ կկարողանամ տալ քեզ
բացի գիշերային անքնությունից,
բացի թաց շրթերիս դիպչումից հետո՝
աղից մաշկիդ վրա...
ի՞նչ կկարողանամ զոհաբերել քեզ համար,
բացի թույլ և ուժեղ մարմնիցս,
որը կրքի մեջ նմանվում է խարույկի
անհետացող բոցին...
ի՞նչ կկարողանամ դառնալ քեզ համար.
գուցե մի ծիծաղ՝ առավոտվա վաղ ժամերին,
երբ արևն դեռ քնից չարթնացած,
մոռանա լուսավորել սենյակդ,
կամ էլ լուսին,
երբ ամպամած երկինքը կարիքս զգա,
կամ էլ պարզապես ...մի կետ, սև կետ
քո կյանքի ճերմակ կտավի մակերեսին...
կկանչե՞ս արդյոք...

2002 հունվար

 

4.

Բացիր քո ներքին մարդու դուռը,
ներս մտիր
և ծածկիր այն:
Բարևիր՝ ձեռքով,
կամ աչքերի ժպիտով:
Զրուցիր՝ գուցե միայնակ է զգում իրեն:
Մի փորձիր մրցել, թե ով ավելի շատ բան կասի.
հավատա՝ լռության մեջ էլ է բացվում խորհուրդը:
Եվ եթե գտնես այն, մի փորձիր շոշափել,
դարձնել ցուցահանդեսի առարկա.
թաքցրու այն սրտի ամենախորը անկյունում՝
ունկնդրելու միայն նրանց հետ, ովքեր կարժանանան:

2002 փետրվար

 

5.

Երբ ուշանում էր անձրևը,
ծառերը շշնջում էին, հետո՝ լռում:
Երբ ուշանում էր անձրևն, դու էլ,
ծարավից թուլացած,
պառկում էիր հատակին և սպասում:
Գույները դառնում էին մի մռայլ անգույնություն,
իսկ ստվերները անհետանում:
Ես էլ, զարմացած այդ բոլոր փոփոխություններից,
չէի հասկանում,
թե ինչու էր ուշանում անձրևը:


2002 մարտ

 

6.

Հանգցրու լույսը, և կտեսնես,
ինչպես են փայլում նրա աչքերը:
Կզգաս հայացքի շոյանքը,
երկար ակնկալած խոստովանանքը,
կլսես մի նուրբ մեղեդի,
կլսես միայն դու,
քանի որ այն քեզ է նվիրված:

Դու գիտե՞ս, ինչ է գեղեցկությունը...
Արդյո՞ք ոչ...
Պարզապես հանգցրու սենյակի լույսը...

2002 մարտ

 

7.

Ուզում եմ տալ քեզ հոգուս խորքում թաքնված թախիծը...չէ, նրա փոքրիկ մի մասը, որ ինձ հիշելուց, չզարմանաս, թե ինչու են արցունքներով լցվում աչքերդ: Մի հակաճառիր, ընդունիր նվերս, և թաքցրու այն հոգուդ կամ մտքիդ խորքերում, փայփայիր այն, և գուցե կգա մի օր, երբ դու էլ նվիրատրես որևէ մեկին այդ կարոտած և երկար-երկար ակնկալած զգացմունքով: Քանի որ ի՞նչ է թախիծը,, եթե ոչ սիրո կարոտը, ուշ աշնան սառը զեփյուռի շոյանքը և միայնակության ստվերը...որից փորձում ես փախչել:

2002 ապրիլ

 

8.

Ախր եթե չսպանվեիք,
չէիք սրբանա...

Բայց թե ու՞մ էր պետք այդպիսի սրբություն,
Ու՞մ էր պետք պսակը գլխի արյունոտված.
Կհառաչի կնճռոտ, փոքրիկ կինը՝ հարյուր տարեկան,
Բայց դեռ՝ մանուկ, փոքր ստվեր մանկության,
Տառապող, բայց կենդանի ստվեր,
Կենդանի հիշողություններով շրջապատված...

Ախր եթե այդ չլիներ, չէին սրբանա,
Կշարունակեն բացականչել գրողներն, լրագրողները՝
Դնելով հարցանշաններ, բազմակետեր հերթական գրքերում,
Դառը, սարսռեցուցիչ նկարներով, իբրև պատմության հպարտություն՝
Արյան մեջ թաթախված...

Թե ու՞մ է պետք այդ սրբությունը,
Ապրեին, էլի, - կհառաչի տատիկը,
Սեղմելով դողացող, կնճռոտ մատներում թաց թաշկինակը:

Ապրեին, էլի...

2002 ապրիլ

 

9.

Բնակարանն եմ քո, Տեր Աստված,
Կահավորիր ինձ.
Ամեն անկյունումս ինչ-որ բան պակասում է,
Կարելի է նույնիսկ ասել՝ դատարկ եմ,
Փոքր, թոշոտված՝ էհ, տարբեր էին բնակիչներս:
Դիր մի սեղան բարության, շրջապատված առաքինության աթոռներով,
Մի սեղան էլ՝ աշխատասիրության.
Վրան՝ հուսո վառ լույս՝ մի լամպ:
Մահճակալ էլ կուզեի, Տեր, լայն,
Բայց ոչ փափուկ՝ ոչ չծուլանամ,
Որ քունս օրվանից երկար չլինի հանկարծ:
Էլ ի՞նչ ուզեմ. պահարաններ, բազմոցներ, խալիներ...
Չէ, պետք չեն,
Ինձ շատ կլինի:
Բայց եթե առատ ձեռքովդ շնորհես՝ կընդունեմ,
Սակայն մի դեպքում՝ այդ թանկարժեք շնորհներով լի բնակարանիս
Մի մեծ իմաստության բանալի է պետք, Տեր,
Եվ կողպեք հավատքի, որ բաց չթողնեմ,
Չգողանան հանկարծ.
Դա էլ, ու վերջ...

2002 մայիս

 

10.

Թուրք կոչվող եղբայրներ,
Արարատի ժամանակավոր հպարտ տերեր,
Ինձ լսեք հիմա`
Ինչքան էլ շատ լինեք ու ուժեղ,
Միևնույն է, այդ լեռը
ձեր համար շատ մեծ է,
շատ բարձր ու վեհ,
չեք կարող նույնիսկ գագաթին նայել.
մեծ գագաթին՝ աչքներդ կայրի,
իսկ փոքրն էլ...
թող ցածրությունը ձեզ չհուզի,
այն ուժեղ է, կարող է դիմադրել:

Չէ, դեռ արժանի չեք
նույնիսկ ազգ կոչվելու,
իսկ այդ լեռան պես գանձերը
ձեր ձեռքերի ափերում սպիներ կթողնեն.
Չե՞ք վախենում...

2002 մայիս

 

11.

Քեզ, փոքրիդ մեջ,
այժմ որևէ մեկը՝
մեծն է աճում,
քո բարակ ձայնը
խլանում է
նրա թանձր, կոշտ ձայնի
ելևէջների տակ:

Ո՞վ է դա, չգիտես,
ու տանջվում ես օր ու գիշեր,
լույսն է արդյոք
արթնացնում քեզ,
թե ներքին հյուրիդ
անհանգիստ շարժումներն,

ո՞վ է, ո՞վ...

Օգնություն ես փնտրում Աստծուց.
Իսկ գուցե հենց Նա է փորձում քեզ
և այդ մեկին ուղարկել է,
որ ճանաչես ճշմարտությունը:

2002 մայիս

 

12.

Կարելի՞ է արդյոք հավատալ,
որ կկորչի այն, ինչ կյանք է տալիս և ուժ...
Եթե կարելի է նույնիսկ,
միևնույն է, չեմ հավատում:

Որ այս փոքր ու ահռելի մեծ երկրի քարերն մի օր
կգլորվեն ուրիշ, սառը ծովեր,
կանաչը կթառամի, բույրն կանհետանա...
չէ, անհնարին է:

Փոշու մեջ, հոգնած, շոգած հովիվներն էլ հոտ չե՞ն ունենա,
Լեռները չե՞ն երևա նեղ խոհանոցի պատուհանից...
Դա երազ կլինի, ու ես կարթնանամ:

Չեմ հավատւմ, որ կդադարես գոյդ, հոգնած երկիր,
Որ ինչ-որ լկտի ու անհավատ, չար ու զորեղ ուժեր
քեզ կառնեն մեր ձեռքից, կտանեն դեպի անդունդ...

Մոռացե՞լ ես արյունաքամ տարիներդ:
Մինչ այժմ կաս, չէ՞,
Ոնցոր մի ծաղիկ, որը տրորում են,
բայց սպանել չեն կարող:

Կարելի՞ է արդյոք պատկերացնել,
որ կկորչեն նրանք, ով սեր են պարգևում:
Չէ, չեն կորչի, այլ կդառնան ստվերներ`
հրեշտակաձև սպիտակ հագուստներով:

Մեզ կշոյեն, կպաշտպանեն շոգ արևից,
Որ կթափի մեզ վռա մի օր
Իր հիվանդագին ճառագայթները,
Բայց մենք չենք ընկնի, կքայլենք առաջ`

Թուլացած, հոգնած, սակայն վառ համոզմունքով,
Որ ստվեր կգտնենք, կանաչ մի պարտեզ,
Ուր մեր սիրելիներն մեզ վրաններ կպատրաստեն:
Իմ փոքր երկիր,
Իմ հայ ժողովուրդ,
Միացիր սիրուն, որ պահել է քեզ,
միացիր հույսին, որ քեզ դեռ կպահի,
վառ պահիր հավատքդ`
քո աստվածային ուղին:

2003, մայիս

 

13.

Տուր ինձ, բարեգութ, աղաչում եմ քեզ,
տուր ողորմություն...
Գ. Նարեկացի

Մի դատապարտիր, Տեր,
Տես` ամառ է,
սակայն աշնան տերևներ են թափվում ծառերից:
Ուրեմն Դու կաս:

Մեծ խարույկի շուրջ մարդիկ հավաքվել են,
Այրում են աշնան տերևները,
այրում ու երգում...

Խարույկի բոցերն էլ կուլ են տալիս, գրկախառնվում
և կուլ են տալիս տերևները, լացելով նրանց մահվան վրա:

Տեր, մի դատապարտիր.

Տես, գետերում լողում են ձկները,
սակայն այդ գետերի ջուրը վաղուց կարող էր չորանալ,
կամ թունավորված լինել`
Ուրեմն Դու կաս:

Վաղը նրանցից շատերը կհայտնվեն մեր սեղաններին.
Ոմանք կասեն`կյանք սպանեցիք,
նրանք կոչվում են բուսակերներ,
և նրանք ճիշտ են:

Ոմանք էլ կուտեն, կկշտանան
և Քեզ կփառավորեն.
Նրանք էլ են ճիշտ:

Իսկ գետերի ջուրը կհոսի դեռ տարիներ,
և գետերի ձկները դեռ շատ տարակուսանքներ կառաջացնեն:

Մի դատապարտիր, Տեր

Տես...գիտեմ, որ տեսել ես, տեսնում ես և կտեսնես`
Զոհվում են մարդիկ,սպանվում...
Հարստանում են մարդիկ, վայելում:

Տես...կյանքի ոլորտի մեջ
մենք ենք մոռանում նայել, տեսնել և հասկանալ,
Որ Դու, այդ ամենը տեսնելով,
Մեզ դեռ հույս ես տալիս,
Մի քանի քայլ ևս դեպի սահման...

Ինչպե՞ս չես դատապարտում...

2003, հունիս

 

Պատրաստել են

Տրամադրել է՝ Սառա Մարգարյանը։
Հեղինակային իրավունքները՝ © Սառա Մարգարյան։
Հրատարակված է հեղինակի թույլտվությամբ։ Առանց հեղինակի թույլտվության հեղինակի աշխատանքների արտատպումը կամ ցանկացած այլ օգտագործումը արգելվում է։

Տես նաև

Բանաստեղծություններ 2000-2001
Սառա Մարգարյանի բանաստեղծությունները ռուսերեն | անգլերեն

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.   Legal Notice