ՎԵՐԵՎՈՒՄ ԱՍՏՂԵՐՆ ԵՆ
— Բարեւ,— ասում եմ ես կանաչի վաճառող տարեց ու մի քիչ էլ տձեւ կնոջը,— գիտե՞ս՝
ինձ հինգ ամիս է մնացել ապրելու: Հիշու՞մ ես ինձ:
— Իհարկե: Դու միշտ ինձնից սամիթ ես առնում: Ի՞նչ ես անում այդքան սամիթը:
Ես սիրում եմ, երբ ամռան արեւը դեռ չի եկել ու խոտը կանաչ է ու ծաղիկի եւ անձրեւի հույս կա:
Աղջիկս սիրում է մլավել ու ես գիտեմ որ նրան պետք է փիսիկ նվիրել բայց ես սիրում եմ նրա մլավոցը, իսկ եթե փիսիկ ունենա, կդադարի: Կդառնա մեզնից մեկը: Կինս կարծում է, որ ես վերջին շնչում եմ եւ աշխատում է հոգատար ինել: Նրա հոգացողությունից դուրս պրծնելու լավագույն միջոցը շուկա գնալն է: Կինս տանել չի կարող շուկաները: Եվ ես միայնակ թափառում եմ շուկայում, որ շատ աննպատակ չլինի, սամիթ եմ առնում: Գուցե պետք կգա:
Կինս չի լացում: Աղջիկս մեկ-մեկ լացում է, երբ փիսիկ շատ է ուզում: Կինս պինդ կին է, միայն գուցե ստիպված լինի շուկա գնալ եւ գուցե սամիթ գնել:
— Դուք ճանաչու՞մ եք իմ կնոջը,— հարցնում եմ կանաչի վաճառողին,- նրան միայն լավ սամիթ կտաք, նա սամիթից ոչինչ չի հասկանում: Եթե խաբեք, դժվար նկատի, բայց ինչու՞ խաբեք, չէ՞: Չնայած դուք գիտեք, նա չի էլ գա ձեր մոտ: Նա սամիթ չի սիրում:
Կանաչի վաճառող տձեւ ու մի քիչ էլ տարեց կինը ցավակցաբար ինձ գլխով է անում՝ իբր դժվար է ապրել մի կնոջ հետ, որը գլուխ չի հանում կանաչուց, չէ՞:
Ես փողոցում փիսիկ եմ գտնում: Այսինքն մի լաթի կտոր է, որը փիսիկի գույնն ունի: Ու ես հիշում եմ աղջկաս մլավոցը:
— Առ, մի քիչ սամիթ կեր,— ասում եմ ես փիսիկին,— իմ աղջիկը քեզ նման է: Միայն մլավում է:
Փիսիկը ինձ դուր է գալիս ու ես որոշում եմ ծանոթացնել նրան աղջկաս հետ: Փիսիկը ուրախ վազում է դիմացիցս: Գիտե՞ս՝ աղջիկս քեզ անպայման դուր կգա: Նա գիտի նկարել ու շատ սիրուն տներ է նկարում: Ծխնելույզներով: Ինքը ոչ մի անգամ ծխնելույզ չի տեսել, բայց ես մի անգամ հեքիաթ կարդացի իրեն: Հենզելի ու Գրետելի մասին: Այնտեղ ծխնելույզ կա: Նա էլ շատ տպավորվող է: Մի անգամ երազում թեւը կոտրած ծիտիկ էր տեսել, արթնացել էր գիշերվա միջին ու լացում էր: Կինս չի լացում: Կինս պինդ կին է: Բոլորն ինձ ասում են, որ բախտս բերել է կնոջս հարցում: Որ ես հաջողակ եմ: Ի՞նչ ես կարծում ես հաջողա՞կ եմ: Հիմար հարց եմ տալիս: Կինս իմ մասին շատ է հոգում: Ամեն առավոտ թարմ կաթ է առնում, եռացնում ու աչքերս դեռ նոր բանած՝ տալիս ինձ, ասում է՝ բարի լույս, այսօր արեւ է, տեսե՞լ ես՝ ինչ եղանակ է: Ժպտում է ու քաշում վարագույրը: Ես ժպտում եմ նրան ու գնում աշխատանքի: Մեկ-մեկ խմում եմ կաթը, երբ արեւ չի լինում: Այդ ժամանակ նա սովորականից տխուր է, պե՞տք է մի բանով ոգեւորել-խանդավառել: Ես էլ խմում եմ կաթը: Ու նա նորից ժպտում է եւ ասում՝ գիտե՞ս, վաղը արեւ կլինի, ես լսել եմ եղանակի տեսությունը: Նա շատ է հավատում եղանակի տեսությանը եւ ամեն օր նայում է: Խեղճը ստիպված դրանից մի կես ժամ առաջ նայում է լուրերը, որ բաց չթողնի եղանակի տեսությունը: Դե իսկ այդ լուրերից կինս միայն սարսափում է, բայց ցույց չի տալիս: Նա պինդ կին է: Միայն մինչեւ լուրերը աղջկաս տանում է քնելու: Նա ուզում է, որ աղջիկս էլ պինդ լինի, բայց չի ուզում, որ նա լուրերը լսի: Ճիշտ է, չի խանգարում, երբ հեքիաթ եմ պատմում: Կինս հեքիաթ չի պատմում աղջկաս: Նա զրուցում է նրա հետ: Երբեք չեմ հասկանում՝ ինչից: Բայց աղջիկս չի լացում: Մեկ-մեկ մլավում է: Ես ուզում էի նրան փիսիկ առնել ու գտա քեզ: Այ թե կուրախանա աղջիկս: Աղջկաս բոլոր նկարները տանն եմ թողել, թե չէ ցույց կտայի քեզ: Ասենք, այնպես էլ անմիջապես կճանաչես: Բոլորն ասում են, որ ինձ շատ է նման: Դե չէ, կնոջս էլ է նման, բայց որ տեսնես, իսկույն կհասկանաս՝ իմ բալիկն է: Կինս քեզ էլ առավոտյան կաթ կտա: Չտա էլ, արեւոտ օրերին ես իմ բաժինը կտամ քեզ, իսկ մեր երկիրը գիտես չէ՞ ինչքան արեւոտ է, այնպես որ կուշտ-գոհ կապրես: Աղջիկս քեզ ցույց կտա իր նկարած տները: Որ քեզ լավ պահես, գուցե նույնիսկ թույլ կտա, որ ապրես դրանցից մեկի մեջ: Այն օրը ես նրան լավ հեքիաթ էի պատմել ու նա ինձ թույլ տվեց ապրել Հենզելի ու Գրետելի ծխնելույզով տանը: Կինս ինձ տաք վերնաշապիկ է գնել: Բայց ես հիմա չեմ հագնում որովհետեւ ամառ է, իսկ ձմռանը դեռ մի հինգ ամիս կա: Հա, գիտե՞ս, ինձ հինգ ամիս է մնացել ապրելու:
Ես հոգնեցի քայլելուց ու նստեցի նստարանին: Այնպես արեւ էր, որ աչքերս փակվում էին: Ես արեւ չեմ սիրում, բայց սիրում եմ, երբ կինս ժպտում է: Փիսիսկը քսմսվում էր ոտքերիս ու համարյա մլավում աղջկաս պես:
— Ի՞նչ է քեզ պետք,— հարցրեց ինձ աշխարհը:
Ես մտածեցի այդ մասին...
— Մի ժամ է՝ տշտշում էր այդ կեղտոտ լաթի կտորը ու քթի տակ խոսում, հետո եկավ նստեց նստարանին ու սիրտը բռնեց: Ես էլ լավ բան չմտածեցի: Ասացի՝ գուցե մի քիչ շեղված է, մոտեցա, ձեռքս դրեցի ուսին, կանչեցի, բայց... Հետո եկա, ձեզ ահազանգեցի,— բացատրում էր արագ-արագ ու հուզված ճանապարհով անցնող կինը:
— Նա միշտ ինձնից սամիթ էր գնում,- ավելացրեց տարեց ու տձեւ մի քիչ կանաչի վաճառող կինը,— ամեն օր սամիթ: Այս անգամ էլ կնոջ մասին էր պատմում: Բայց դե նրան որտեղի՞ց կին: Լավ էլ ճանաչում եմ: Մենակ էր ապրում: Անփույթ-անխնամ: Երեւի հիվանդ էլ էր:
Ոստիկանը լսում էր ու գլխով անում: Նա ուզում էր գնալ տուն եւ սպաս ուտել: Տաք-տաք:
Ինչ-որ մեկը մլավեց:
— Այստեղ շատ կատուներ կան,— ասաց ճանապարհով գնացող կինը,— բայց ես մենակ շներ եմ սիրում:
ՎԵՐԵՎՈՒՄ ԱՍՏՂԵՐՆ ԵՆ
Ես կարծում եմ, որ Ձեզ կտեսնեմ հենց այդ հինգշաբթի օրը, եթե միայն չմոռանաք վերադառնալ: Գիտե՞ք՝ վերջերս շատերն են գնում ու հետ չեն գալիս: Իսկ մենք նամակ գրելու սովորություն չունենք: Ստիպված խոսում ենք հեռախոսով: Իսկ հեռախոսով ամեն ինչ չես ասի: Կան, չէ՞, ոչ հեռախոսային խոսակցություններ: Ասում ես՝ ինչ է պատահել, իսկ նա՝ հեռախոսով ասելու բան չի, էնպես կխոսենք, հետո: Ու հենց այս հետո-ն է, որ ձգվում է:
— Ե՞րբ կգաս:
— Ասացի, որ հեռախոսով չեմ կարող ասել: Կգամ, հետո կխոսենք:
Պետք է, ուրեմն, սպասել, մինչեւ կգա ու կասի: Երբ է գալու: Դուք ասում եք, որ ճահիճը ոչ ոք չի սիրում: Ճահիճը ստիպում է հարմարվել ու խեղդվել այդ հարմարման մեջ: Ես ճահճի մասին բանաստեղծություն գիտեմ, բայց էսպես չեմ ասի: Դա հեռախոսային խոսակցություն է: Պետք է զանգել ու շշնջալ: Չէ, գոռալ լսափողի մեջ.
— Բարի լույս:
— Այստեղ դեռ գիշեր է,- կքրթմնջաք դուք:
Բացեք վարագույրները, կարող եմ կանչել ես: Ներս թողեք արեւը եւ կտեսնեք, որ արդեն առավոտ է: Բայց դա արդեն այլ խոսակցություն է: բավական երկար: Իսկ խոսելը գումար արժի: Թելեպլաս եւ չգիտեմ ինչ: Կարեւոր չի որովհետեւ արդյունքը թիվ է, իսկ մենք կարող ենք հանդիպել: Հինգշաբթի: Եթե Դուք չեք ուզում լսել ճահճի բանաստեղծությունը: Հենց այն ճահճի: Հիշու՞մ եք: Օրվա անհասկանալի ժամերից էր, Դուք քայլում էիք փողոցով, երբ նա թեւանցուկ արեց Ձեզ.
— Գնանք սուրճ խմելու: Ես Ճահիճն եմ եւ իսկապես շատ եմ սիրում քայլել:
Դուք որոշեցիք սուրճ խմել, որովհետեւ երբեւէ այդպես չեք վարվում: Նա Ձեզ հյուրասիրեց, որովհետեւ ինքն էր հրավիրել:
— Հետաքրքիր անուն ունեք,- ասացիք Դուք:
— Իհարկե,— գլխով արեց նա,— ես որեւէ այլ մեկին չէի համաձայնվի:
Դուք այգում մի երկու աղավնի տեսաք, խոսեցիք բողբոջների եւ չաշխատող ցայտաղբյուրների մասին: Եւ սուրճը հալվեց օդում: Հետո Ճահիճը Ձեզ նամակ գրեց: Նա ապրում էր նույն քաղաքում, բայց հեռախոսով խոսել չէր սիրում: «Եթե Ձեզ դուր եկավ սուրճը,— գրում էր նա,— եկեք թեյ խմելու»: Դուք գնում էիք թեյ խմելու եւ ես կարծում եմ, որ կվերադառնաք հինգշաբթի: Եթե չվերադառնաք, ես կզանգեմ Ձեզ ու կկարդամ բանաստեղծությունը: Ճահճի մասին: Իսկ եթե... Ես եթե-ներ չեմ սիրում: Ինչու՞: Դա հեռախոսային խոսակցություն չէ:
— Ես քոնն եմ,— ասաց Ճահիճը եւ Դուք չզգացիք՝ նա ինչպես անցավ դու-ի: Թեյից հետո միշտ այդպես է լինում: Ձեզ չէր հետաքրքրում դու-ն, Ձեզ պետք էր... Չգիտեմ՝ ի՞նչ էր պետք: Ես Ձեզ դեռ չեմ տեսել: Դուք լռեցիք, որովհետեւ սիրում եք լռել ու նամակ կարդալ: Եւ դուք համարյա ափսոսացիք, որ Ճահիճը Ձեզ այդքան մոտ է: Եթե քեզ ասում են, որ քոնն են դու էլ ինչ-որ չափով նրանն ես: Գիտե՞ք: Ֆիզիկայի օրենքներից չի: Մի փնտրեք դասագրքում: Ես հետո կբացատրեմ: Ոչ հեռախոսով: Եվ այսպես, Դուք թեյը խմեցիք: Չե՞ք հիշում:
— Ես քոնն եմ,— ասաց Ճահիճը ու Դուք կարծես թե մտածեցիք, որ բաժակում երեք ումպ թեյ է մնացել: Դուք արեցիք վերջին առաջին ումպը:
— Ես քեզ լսում եմ,— ասացիք Դուք Ճահճին:
Դուք արեցիք վերջին երկրորդ ումպը:
— Դու ինձ լսում ես,— ասացիք Դուք Ճահճին:
Արեցիք վերջին վերջին ումպը:
— Ես քեզ կզանգեմ — ասաց ձեզնից մեկը մյուսին:
Ես զանգեցի Ձեզ ու խնդրեցի լսել Ճահճի մասին բանաստեղծությունը: Դուք գանգատվեցիք
որ լավ չեք քնել եւ լսելու տրամադրություն չունեք բացի դրանից.
Դա հեռախոսային խոսակցություն չի:
— Ճիշտ եք ասում — համաձայնվեցի ես ու գնացի հեռուստացույց նայելու:
Բազկաթոռին նստած էր Ճահիճը եւ լուրերն էր լսում:
— Խոսեցի՞ր — հարցրեց ինձ:
Ես ասացի, որ համարյա: Ճահիճը ինձ գլխով արեց եւ ասաց, որ ավտովթարում 30 մարդ է զոհվել:
— Որտե՞ղ հարցրեցի ես:
Իսկ Ճահիճն ասաց, որ դա կարեւոր չի կարեուրը որ ես խոսել եմ Ձեր հետ: Ես ասացի, որ չեմ պատմել բանաստեղծությունը ու նա կարծես, զարմացավ:
— Հիմա շատերը չեն վերադառնում,— մխիթարեցի ես:
Ճահիճը գլխով արեց: Նա համաձայն էր ինձ հետ: Ես էլ՝ նրա: Մենք լսում էինք վերջին ռեպորտաժը, երբ զանգեցիք Դուք:
— Բարի լույս,- գոռացիք լսափողի մեջ:— Ես քաշել եմ վարագույրները եւ արեւի պես ինչ-որ բան եմ տեսնում երկնքում: Լավ, դա հետո կխոսենք, ոչ հեռախոսով: Ես գիշերը գալիս եմ: Լա՞վ:
Ես դրեցի լսափողը ու գնացի Ճահճի մոոտ: Ճահիճը ննջում էր հեռուստացույցի դիմաց:
— Հը՞,— հորանջեց նա:
— Նա քեզ լսել է,— ասացի ես ու պատկերացրեցի Ձեզ:
Բայց դա հեռախոսային խոսակցություն չի:
ՎԵՐԵՎՈՒՄ ԱՍՏՂԵՐՆ ԵՆ
Ես պիտի գնամ: Զարթնեցի եւ միայն այս բառերն եմ հիշում: Այս էլ արդեն հինգ րոպե:
Ու՞ր պիտի գնամ: Դրսում երեւի ցուրտ է: Կամ էլ շոգ է, որովհետեւ, ինչքան հիշում
եմ, ամառ է: Ուրեմն պետք չէ վերարկու հագնել: Ես ասում եմ, որ իմ օրերը նման
են, ու դրանից նրանք իրար նման են դառնում: Ես փորձում եմ հիշել՝ ինչու եւ հիշում
եմ, որ ես նույնն եմ: Իմ օրերը նույնն են, որովհետեւ ես նույնն եմ: Իմ օրերը
այն են, ինչ ես եմ:
Արեւը ծագում է Արեւելքից:
Ես դժվարությամբ եմ զարթնում, որովհետեւ գնալու տեղ չունեմ, իսկ այսօր կարծես անսպասելի արթնացա ու մտածեցի, որ պիտի գնամ: Առանց վերարկուի: Ես փորձեւմ եմ հիշել, թե մոտավորապես ուր կարող էի գնալ: Այսօր առավոտից արեւը խավարելու է:
Լացը սպանում է ինձ։ Ես կարող եմ մտածել կամ չմտածել դրա մասին, բայց դրանից ես չեմ փոխվում։ Ես ընդհանրապես չեմ փոխվում, ինչն արդեն հուսահատության նշան է։ Նրանք շտապում են լռել ու խոսել։ Նրանք շտապում են լցնել իմ հուսահատությունը իրենց... իրենցով։ Ու իմ հուսահատությունը լի է նրանցով։
— Կարո՞ղ ես ինձ սպանել,- խնդրում եմ ես նրանց բոլորին միանգամից։
Նրանք... Ես չեմ կարողանում մտածել այդ մասին։ Ես նայում եմ արեւին ու մրսում եմ։
— Արեւ, ես մրսում եմ քեզանից, քեզանով ու քո հետ։
— Ինչ լավն ես, ես կգամ քո հետ մրսելու։
Արեւը գալիս է ու վառում ինձ, որովհետեւ ես... Գիտե՞ս՝ մարդիկ երբեմն տուն են ունենում ու երբեմն ես լսում եմ նրանց տան հոտը։ Եւ դա ինձ լցնում է հուսահատությամբ։ Երկինքը մթնում է մթան մեջ։
— Քանի՞ ծիածան ես տեսել քո կյանքում։
Պատկերացրու, թե քնել ես ու ծիածան ես տեսնում։ Պատկերացրու, թե դու նայում ես ծիածանին։ Պատկերացրու, թե դու տեսնում ես գույները։ Պատկերացրու, թե դու հրճվում ես երկնքով։ Պատկերացրու, թե երկինքը հրճվում է քեզնով; պատկերացրու, թե ծիածանը իջնում է դեպի քեզ; արագ; կամ դանդաղ; պատկերացրու, թե արագ; չէ, պատկերացրու, թե դանդաղ; պատկերացրու, որ դու ուրախ ես ու ասում ես՝ վերջապես; փորձիր, ասա վերջապես; սկսիր; դանդաղ; չէ, արագ։
— Կյանքդ քեզ պետք է ապրելու համար։
Իրո՞ք։ Կյանքդ քեզ պետք է։ Մնացածը արդարացում է։ Նրանք բոլորը... Ես այդ մասին...
Վերջը գերում է... Բայց վերջ չկա եւ դա... Ամենասարսափելին... Անվերջություն
է։ Համաատաաաաաաարած... Միեւնույն է, այն բառը չէ։ Պետք է նկարել թիթեռին, չէ,
աղավնուն, չէ, շոգեփոշուն, որ լցվում է աչքերիս մեջ, գուցե նաեւ աչերիս մեջ,
գուցե նաեւ... Հռչակավոր մի բարիտոն պետք է երգի; պետք է լսես, որովհետեւ ամեն
...ամենքը... դու... լավ, մի՞թե չես ուզում լսել։ Ես լսել եմ այս երգը քո համար։
Որ հիմա նստեմ ու քեզ պատմեմ դրա մասին։ Ես քո համար լսել եմ բոլոր նորությունները,
որ հանկարծ գուցե ուզենաս իմանալ՝ աշխարհի որ ծայրում ով ում է պայթեցրել։ Ես
լսել եմ ամենը։ Ես լսել եմ ամենքին։ Ես... լսել... եմ... ք...ե...զ......
.........................................................................................................................................
Լավ, մի՞թե չես ուզում լսել։
Ամեն ինչ լավ է։ Լսու՞մ ես; ամեն ինչ ցնցող է; ամենքը ցնցող են........................
......................................................................................................................................
Ես գնում եմ տուն, որովհետեւ չեմ ուզում լսել քեզ ու հոգնել եմ քեզնից; ես փակում եմ դուռը, որ չլսեմ քեզ։ Հետաքրքիր է, դու ո՞վ ես ու...................................................................................................................................
Վաղը մթնեց երեկոն
ու տուն եկավ գիշերը
ճամփան ընկած հետեւից ու թե գիտես՝ ինչու ես լսում այդ երգը, ուրեմն դու իմաստուն
ես
Իմաստուն ես
այսինքն՝ իմաստ ունես
կամ տուն ունես
կամ իմ աստ ունես
մի խոսքով
Ես որոշում եմ տեսնել քեզ
ես նայում եմ դուրս
բայց դու չկաս
որովհետեւ դու տանն ես
դու դրսում չես կարող լինել
դու իմաստունես
այդ ես եմ դրսում
ես նայում եմ տուն
բայց չեմ տեսնում, որովհետեւ չեմ ուզում տեսնել
տները ինձ չարացնում են
ես չարանում եմ
տները շատ են
իսկ ես մենակ եմ
արդա՞ր է այդքանով հանդերձ ինձ լցնել ամբողջ դուրս նետված չարությամբ
հետո՞ ինչ, որ ես դրսում եմ
ստիպված եմ կրել ձեր դուրս գցված չարությու՞նը;
ու՞ր է սարսափը
ես ուզում եմ սարսափել ու չտեսնել ոչ ոքի;
ես ուզում եմ կուրանալ, որպեսզի ավելի լավ պատկերացնեմ
ես.... չէ, դու
ես սպանում եմ քեզ, որովհետեւ ես սիրում եմ քեզ
ես լսում եմ քեզ, որովհետեւ դու չես խոսում;
աղջիկը մեռավ հենց այս մուտքում; նա մինչեւ վերջ հույս ուներ, որ չի մեռնի;
նա մինչեւ վերջ չէր հավատում, որ կմեռնի
նա մինչեւ վերջ ուզում էր մեռնել;
նա տեսա՞վ լույսը;
մինչեւ վերջ .................................................................................................................
.......................................................................................................................................
նա կարծում էր, թե սա կատակ է եւ ուզում էր գնալ մինչեւ վերջ
նա, ով մոռացավ փակել դռները, լսեց նրանց,
իսկ նրանք լցնում են ինձ հուսահատությամբ
որովհետեւ դուք չեք հասկանում նրանց
եւ դուք երկուսդ էլ հոգնակի եք
մուկն, ձուկն, դուռն, նուռն......................
Ի զեն աշխարհ;
մեզ սպառնում են վերացնել;
չէ, քեզ սպառնում են վերացնել;
արագ, դանդաղ, չէ, լավ, միջին արագությամբ;
ես լցնում եմ քեզ......... դու լցվում ես;
աշխարհը լսում է սպառնալիքները;
Աշխարհ, մի լսիր նրանց, նրանք լցնում են հուսահատությամբ; աշխարհ, նրանք խոսում
են, նրանք լռում են, նրանք քոնն են, աշխարհ, դու նրանք ես, աշխարհ;
ինձ հանգիստ թող ու գնա թեյելու կամ թեյ խմելու, սրճելու կամ սուրճ խմելու......
ի՞նչ բառեր ես էլ գործածում, երբ կորցնում ես բառապաշարդ;
...ես ուզում եմ կորցնել ինձ, որ հասկանամ իմ արժեքը, ասացի ու կորցրեցի
քեզ ...........................................................................................................................
Դու ...........................................................................................................................
........................... իմ .................................................................................................
.......................................................... ա ...................................................................
................................................. ր .............................................................................
....................................... ժ .......................................................................................
.............................. ե ................................................................................................
..................... ք .........................................................................................................
............ ն ..................................................................................................................
... ես։
Պատրաստել են |
![]() |
![]() |
Տեքստը տրամադրել
է՝ Ժաննա Անդրեասյանը։ |
Տես նաև |
![]() |
![]() |